Ինդոնեզիայում վերջին երեք օրերի ընթացքում շուրջ 2 հազար աշակերտ և ուսուցիչ է հիվանդացել «Makan Bergizi Gratis» (MBG) պետական ծրագրով տրամադրվող անվճար դպրոցական ճաշերից։ Այս մասին հայտնում է BBC News-ը։
Տեղի իշխանությունները հետաքննում են սննդային զանգվածային թունավորման ենթադրյալ դեպքերը։
Վերջին միջադեպը տեղի է ունեցել Կենտրոնական Յավա նահանգի Լասեմ քաղաքի միջնակարգ դպրոցում, որտեղ չորեքշաբթի օրը ճաշելուց հետո թունավորման ախտանիշներ են ի հայտ եկել 752 աշակերտի և 25 ուսուցչի մոտ։ Դպրոցի տնօրեն Ջուհարտուտիկի խոսքով՝ հիվանդացածների մոտ նկատվել են փորլուծություն և որովայնի ցավեր։
«Նրանք փորլուծություն ունեին և հերթով օգտվում էին զուգարանից։ Ընդհանուր առմամբ 40 զուգարան կա, ուստի դրանք չեն բավականացնում բոլորին»,— BBC News Indonesia-ին պատմել է նա։
Դեպքից հետո դպրոցը տուն է ուղարկել շուրջ 1,2 հազար աշակերտի և 95 աշխատակցի, մի քանի հոգի հոսպիտալացվել է։ Կառավարությունը խոստացել է հոգալ բուժման ծախսերը, իսկ սննդի տեղական մատակարարը պատրաստակամություն է հայտնել պատասխանատվություն ստանձնել տեղի ունեցածի համար։
Մեկ օր առաջ Արևելյան Յավա նահանգի իսլամական գիշերօթիկ դպրոցում նույն անվճար ճաշերն ուտելուց հետո հիվանդացել էր շուրջ 730 մարդ։ Որոշ աշակերտներ այնքան թույլ են եղել, որ նրանց հիվանդանոց են հասցրել հաշմանդամի սայլակներով։
Թունավորման ախտանիշների մասին հայտնել են նաև Հարավային Սուլավեսի նահանգի դպրոցների հարյուրավոր աշակերտներ ու ուսուցիչներ։ Ծնողներն ու ուսուցիչները պատմել են լորձոտ հավի մսի, կիսաեփ սննդի և ձկան տհաճ հոտի մասին։
Բռնկումների պատճառները դեռևս պարզված չեն։ Տեղական իշխանությունները ստուգում են սննդի նմուշները՝ աղտոտվածությունը պարզելու համար։ Հնարավոր պատճառների թվում դիտարկվում են սննդամթերքի սխալ պահպանումն ու պատրաստումը։
MBG ծրագիրը Ինդոնեզիայի նախագահ Պրաբովո Սուբիանտոյի առանցքային նախաձեռնություններից է։ Դրան հատկացվում են միլիարդավոր դոլարներ, իսկ նպատակը ողջ երկրում դպրոցականների սնունդը բարելավելն է։ Միևնույն ժամանակ, ծրագիրն արդեն քննադատության է ենթարկվել բարձր արժեքի և կոռուպցիոն մեղադրանքների պատճառով։
Ինդոնեզիայի Սննդի ազգային գործակալության ղեկավարը հայտարարել է, որ անփութություն և հանցագործության հատկանիշներ հայտնաբերվելու դեպքում մեղավորները պետք է պատասխանատվություն կրեն. «Եթե պարզվի, որ անփութություն է տեղի ունեցել և առկա են հանցագործության հատկանիշներ, ապա ցավոք, մենք չենք կարողանա օգնել»։




























