ԱՄՆ ՌԾՈւ «USS Abraham Lincoln» ավիակիրը ծովում անցկացրած 286 օրերից հետո պատվել է ժանգով։ Այս ընթացքում նավը մասնակցել է Մերձավոր Արևելքում Իրանի դեմ ռազմական և շրջափակման գործողություններին, հայտնում է CNN հեռուստաալիքը:
Չորեքշաբթի օրը նավը ժամանել է Թաիլանդի Լաեմ Չաբանգ նավահանգիստ, որտեղ անձնակազմը երկար ժամանակ անց առաջին անգամ լիարժեք կհանգստանա, իսկ մասնագետները կկարողանան անցկացնել առաջնահերթ վերանորոգման աշխատանքները:
Շուրջ 335 մետր երկարությամբ ավիակրի համարյա ամբողջ իրանը՝ քթամասից մինչև ետնամաս, պատվել է ժանգի հետքերով։ Թաիլանդ հասնելուց հետո նավի լուսանկարները զարմանք են առաջացրել դիտորդների շրջանում:
Այնուամենայնիվ, փորձագետները նշում են, որ ծովում նման երկարատև գտնվելուց հետո ժանգի ի հայտ գալը լիովին բնական է։ «Նիմից» դասի ավիակիրների վրա ծառայած ԱՄՆ ՌԾՈւ նախկին կապիտան Քարլ Շուստերի խոսքով՝ ջրագծի երկայնքով ժանգոտումը հազվադեպ հանդիպող երևույթ չէ, եթե նավը 60 և ավելի օր անընդմեջ անցկացրել է նավարկության մեջ:
«Ջրագծի երկայնքով ժանգի առաջացումն արտառոց բան չէ ծովում 60 կամ ավելի օր անընդմեջ գործողություններ իրականացրած նավի համար»,- ասել է Շուստերը:
Նավարկության ընթացքում ժանգն ամբողջությամբ հեռացնելը գրեթե անհնար է, հատկապես ռազմական գործողությունների ժամանակ։ Դրա համար անձնակազմը պետք է աշխատի հենց ջրագծի մոտ․ մաքրի ժանգը, քսի հակակոռոզիոն գրունտանյութի երկու շերտ, ապա՝ ռազմածովային մոխրագույն ներկի ևս երկու շերտ:
Շուստերի գնահատմամբ՝ նավակողն ամբողջությամբ մշակելու համար կարող է մոտ 30 օր պահանջվել: Թաիլանդում անցկացրած շուրջ մեկշաբաթյա կանգառի ընթացքում անձնակազմը կկարողանա անել միայն ամենակարևոր աշխատանքները:
«Առաջին հերթին կմշակեն քթամասի և իրանի առջևի հատվածի ժանգը, քանի որ հենց այդ հատվածներն են նավի շարժման ժամանակ կրում ամենամեծ ծանրաբեռնվածությունը և ենթարկվում աղի ջրի ազդեցությանը, հատկապես ուժեղ ալեկոծության ժամանակ»,- պարզաբանել է փորձագետը:
Նրա խոսքով՝ նավի վերին հատվածի առանձին մասերը կարելի է վերանորոգել հենց ընթացքի ժամանակ, սակայն ջրագծի մոտ տարվող աշխատանքները պահանջում են, որը նավը լիակատար կանգ առնի:
Խնդիրն անուշադրության մատնել չի կարելի, քանի որ կոռոզիան աստիճանաբար տարածվում է և թուլացնում մետաղական կառուցվածքները:
«Ժանգը նման է վարակիչ հիվանդության։ Այն տարածվում է։ Ուստի ավելի լավ է դրանով զբաղվել վաղ փուլում, որպեսզի խնդիրը տեղայնացվի, այլապես հետո ստիպված կլինեք վերացնել շատ ավելի լուրջ վնասվածքներ»,- ասել է Շուստերը:
«USS Abraham Lincoln»-ի երկարատև ծառայությունն ուղեկցվել է նաև այլ խնդիրներով։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ մատակարարումների պակասի ֆոնին ընկել է անձնակազմի մարտական ոգին: Բացի այդ, առնվազն մեկ զինծառայող հայտնվել էր ջրում:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, սակայն, ավելի վաղ հերքել էր ավիակրի ծառայության տևողության հետ կապված մտահոգությունները՝ հայտարարելով, որ այն «բավարար չափով երկար չի եղել»:
Շուստերը նշել է, որ ժանգի դեմ պայքարն ինքնին ծովայինների համար ամենաանսիրելի զբաղմունքներից է։ «Ժանգի դեմ պայքարը նավատորմում ամենաչսիրված երկու զբաղմունքներից մեկն է։ Երկրորդն այն ամենն է, ինչը կապված է ջրմուղ-կոյուղու հետ»,- ասել է նա:



























