«Ազգ»-ը անդրադարձել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավիդօղլուի մամլո ասուլիսին։ Մեջբերելով Turkishny.com կայքը՝ թերթը հաղորդում է, թե անդրադառնալով Թուրքիայի տարածքում պատասխան «ֆուտբոլային հանդիպման»-ը ներկա լինելու հարցում Սերժ Սարգսյանի դիրքորոշմանը՝ Դավիդօղլուն ասել է. «Հայաստանի նախագահը հայտնել է, որ բաց սահմանները դիտարկում է որպես պայման՝ իր Թուրքիա այցի համար»։ Վերջում, ըստ թերթի, նա նշում է. «Մենք վստահ ենք, որ մոտ ապագայում կիրականանա տարածաշրջանի ամենագլոբալ կարգավորումը»։

Մեկնաբանելով Թուրքիայի արտգործնախարարի տված մամլո ասուլիսը՝ «Ազգ»- ը ընդգծում է. "Ակնհայտ է, որ թուրքական ԱԳ նախարարը, խոսելով «տարածաշրջանի ամենամեծ կարգավորման մասին», նկատի ուներ Հայաստանի հետ հարաբերությունները։ Թե ինչպես է ձեռք բերելու այդ կարգավորումը, Դավիդօղլուն չի ասում։ Բայց այն, որ Հայաստանի հետ «մերձեցման» շնորհիվ Թուրքիան Կովկասում քաղաքական աշխուժացման խնդիրներ է լուծել՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ ընտրվելը, ինչպես նաեւ «ցեղասպանություն» բառը չհնչեցնելու Բարաք Օբամայի որոշումը, ակնհայտ են։ Ավելին, մերձեցման իր պատրաստակամության հետ մեկ տեղ, Թուրքիան «ընդառաջել է» ԱՄՆ-ի եւ Եվրամիության «Հայաստանի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորման» պահանջներին, եւ ձեռբազատվել է հնարավոր ճնշումներից։ Դրանով իսկ, նա նաեւ ստեղծել է նախապայմաններ առ այն, որ եթե այսպես կոչված Հայաստանի հետ մերձեցումը վերադառնա իր ելակետին, ապա դրա համար պատասխանատվություն է կրելու հայկական կողմը, եզրակացրել է «Ազգ»-ը: