«Զրպարտության մասին օրենքը ՀՀ քրեական օրենսգրքից քաղաքացիական օրենսգիրք տեղափոխելը, այսինքն՝ այդ օրենքի ապաքրեականացումը, մեր երկրում բարոյական վնասը փոխհատուցելու ինստիտուտի ներդրման նպատակն ունի»,-ապրիլի 1-ին լրագրողերի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը։

Նշելով, որ եթե նախկինում զրպարտիչ հոդվածի համար լրագրողը կարող էր դատապարտվել ազատազրկման, այսինքն՝ քրեական պատասխանատվության ենթարկվել, ապա այժմ նույնը կատարելու դեպքում նա ընդամենը ֆինանսական տույժի պետք է ենթարկվի. «Սա դրական միտում է, ինչը, եվրոպական երկրների օրինակով, բարոյական փոխհատուցման ինստիտուտի ներդրման նպատակ է հետապնդում»,- հստակեցրեց նա՝ միեւնույն ժամանակ հավելելով, որ օրինագծի հեղինակները հեռու են այն մտքից, թե իրենց կողմից մշակված փաստաթուղթն անթերի է։

ԱԺ պատգմավորի խոսքով, օրինագծի համահեղինակները (Հովհաննես Սահակյան՝ ՀՀԿ, Ռուբեն Գեւորգյան՝ ԲՀԿ, Հովհաննես Մարգարյան՝ ՕԵԿ) հստակ նշել են զրպարտանքի եւ վիրավորանքի սահմանագիծը, այն է՝ ձայն, պատկեր, խոսք եւ այլն։ «Ճիշտ է, սա մաթեմատիկա չէ, եւ մենք չենք կարող առավելագույն ճշգրտությամբ որոշել՝ որն է վիրավորանք, եւ որը՝ ոչ, սակայն աշխատել ենք առավելագույն հստակություն մտցնել ձեւակերպումների մեջ»,- ընդգծեց նա՝ ավելացնելով, որ օրինագծի հեղինակները պատրաստվում են լրացուցիչ մի հավելված մշակել, որտեղ էլ կներառվեն արգելվող զրպարտող կամ վիրավորող բառերը։

Անդրադառնալով տույժերի չափերին՝ Հովհաննես Սահակյանը տեղեկացրեց, որ դրանցից ամենափոքրը կազմում է նվազագույն աշխատավարձի 250-ապատիկը, անզգուշաբար արված զրպարտության համար անձը տուգանվում է նվազագույն աշխատավարձի 500-ապատիկի, իսկ միտումնավոր զրպարտության պարագայում՝ 1000-ապատիկի չափով. «Ընդ որում, եթե նախկինում քրեական օրենսգրքով սահմանված տուգանքները, որ վիրավորանք կամ զրպարտություն տարածելու հետեւանքով գանձվում էին լրագրողներից կամ լրատվամիջոցներից, մուտք էին գործում պետբյուջե, ապա այժմ՝ օրենքի ապաքրեականացումից հետո, բարոյական տույժը փոխանցվում է անմիջապես տուժող անձին. այնպես, որ՝ վճարիր եւ վիրավորիր»,- կես կատակ-կես լուրջ նկատեց ՀՀԿ պատգամավորը՝ տեղեկացնելով, որ օրինագիծը Հայաստանին առաջարկվել է Եվրամիության կողմից, եւ որ իրենք արդեն իսկ 3 անգամ փորձագիտական ուսումնասիրության նպատակով փաստաթուղթն ուղարկել են Վենետիկի հանձնաժողով, որն էլ իր դրական եզրակացությունն է տվել դրան։

Պատասխանելով այն հարցին, թե մոտեցող խորհրդարանական ընտրությունների առումով՝ միտում չի՞ տեսնում արդյոք նա օրենքի փոփոխության մեջ, ԱԺ պատգամավորը համոզմունք հայտնեց, որ ինքը հակված չէ դիտավորություն փնտրել եւ նման գաղափար այս փաստաթղթում չկա։

Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված օրինագծի քննարկումների ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի պահանջին՝ ներկայացնել այս օրինագծի մասին Վենետիկի հանձնաժողովի եզրակացութունը, նրան տրամադրվել էր հանձնաժողովի՝ նույն օրինագծի նախնական տարբերակի վերաբերյալ եզրակացությունը։