ԱՄՆ-ի Վիսկոնսին նահանգի մանկական հիվանդանոցում կրակոցներ են հնչել: Կրակել են ոստիկանները, որոնք հետապնդում էին զինված տղամարդու:

Միջադեպը տեղի է ունեցել Վիսկոնսինի Վովատոսա քաղաքի Մանկական հիվանդանոցի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Ոստիկանությունը հաղորդում էր ստացել, որ ապօրինի զենք պահելու համար հետախուզվող տղամարդը հիվանդանոցում է եւ զինված է, հայտնում է «lenta.ru» -ն` վկայակոչելով ամերիկյան լրատվամիջոցները:

Հիվանդանոց ժամանելով` ոստիկանները յոթերորդ հարկում հայտնաբերել էին երիտասարդ տղամարդուն, որը գրկել էր  մի նորածնի: Երբ փորձել են ձերբակալել տղամարդուն, նա ցած է դրել երեխային, հանել ատրճանակը եւ փորձել փախչել: Դրանից հետո ոստիկանները կրակել են` վիրավորելով ձեռքից: Հիվանդանոցում գտնվող երեխաներից եւ բուժաշխատողներից ոչ ոք չի տուժել: