Ապրիլի 6-10-ը Կ.Դեմիրճյանի անվ. մարզահամերգային համալիրում կանցկացվի ՀԱՕԿ-ի մրցանակի համար բռնցքամարտի միջազգային մրցաշարը:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայից, այդ մրցաշարը կդառնա ավանդական, որտեղ լավագույն արդյունքները ցուցաբերած բռնցքամարտիկները կարժանանան հենց ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից սահմանված մրցանակին: Միջազգային այս մրցաշարն անցկացվում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ և այն ընդգրկված է Բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիայի` EUBC-ի 2010թ. միջոցառումների օրացուցային պլանում:
Մասնակցության հայտ ընդհանուր առմամբ ներկայացրել է 13 երկիր` Հայաստան, Բելառուս, Բուլղարիա, Գամբիա, Վրաստան, Իրան, Ղազախստան, Մակեդոնիա, Մոլդովա, Մոնղոլիա, Ռուսաստան, Ուկրաինա, Ուզբեկստան:
Նշված երկրներից Մակեդոնիան, Մոնղոլիան, Ուզբեկստանը մասնակցության հայտ թեև ներկայացրել են, բայց մինչ օրս իրենց մարզիկների ամբողջական կազմը հաստատման չեն ուղարկել:
Բռնցքամարտիկները Երևան կժամանեն ապրիլի 5-ին: Մասնակիցների ընդհանուր թիվը հասնում է 153-ի, որից 109-ը մարզիկներն են: Մրցապայքարը կընթանա հետևյալ քաշային կարգերում` 48, 51, 54, 57, 60, 69, 75, 81, 91, +91:



























