Ազգային ժողովի պատգամավորներ Զ. Փոստանջյանին եւ Ն. Փաշինյանին թույլ չեն տրվել տեսակցել նոյեմբերի 5-ի գործով կալանավորվածների հետ, քանի որ քննիչի կողմից արգելանք է դրվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը:

Նշենք, որ «Հայկական ժամանակը» գրել էր, որ «Աժ պատգամավորներ Զ. Փոստանջյանը եւ Ն. Փաշինյանը երեկ այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ եւ մուտք գործել ռեժիմային գոտի։ Այսուհանդերձ, նրանց հնարավորություն չի տրվել շփվել նոյեմբերի 5-ի գործով կալանավորվածների հետ։

Փաշինյանը մեր թղթակցին ասել է, որ իրենց հաջողվել է դիտանցքով տեսնել միայն նոյեմբերի 5-ի գործով կալանավորված Ավետիս Ավետիսյանին եւ Սեւակ Մնացականյանին։ Իսկ երբ պատգամավորները ցանկացել են մուտք գործել խցեր, դա նրանց թույլ է տրվել միայն Ավետիսյանին եւ Մնացականյանին խցերից հեռացնելուց հետո պատճառաբանելով, որ քննիչը արգելանք է դրել այդ անձանց տեսակցությունների վրա։

«Սա բացահայտ ապօրինություն է։ Մենք չենք գնացել այդ անձանց հետ տեսակցելու, մենք գնացել ենք օրենքով մեզ վերապահված պատգամավորական լիազորություններ իրականացնելու։ Ի դեպ, արձանագրեցինք, որ Մնացականյանն ու Ավետիսյանը պահվում են խցերում, որտեղ 12 քնելատեղ կա եւ 15 կալանավորված։ Սա խոշտանգում է, առավել եւս արդարադատության նախարար Հ. Թովմասյանի երեկ Աժ-ում արած հայտարարության ֆոնին, թե այսօր Հայաստանում ՔԿՀ-ները գերբեռնված չեն».– ասել է Փաշինյանը»,–գրել է թերթը։