Կեղծումը բոլոր արտիստների ցավն է։ Դա ցավ է նաեւ ժողովրդի համար։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ երեւույթին նման բնորոշում տվեց ՀՀ ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանը։

Այս երեւույթը որակելով իբրեւ անառակություն՝ նա նշեց, որ անամոթությունն այնտեղ է հասել, որ խտասկավառակների կեղծարարներն առանց ամաչելու 20 տարի շարունակ գողանում են իրենց՝ արտիստների արվեստն ու վաճառում այն. «Այդ մարդիկ մի օր վերջապես պիտի պատժվե՞ն, թե ոչ»,- հռետորական հարց բարձրացրեց ՀՀ ժողովրդական արտիստը՝ հավելելով, որ իր տեղեկություններով խտասկավառակների կեղծումը Հայաստանում հովանավորվում է ազդեցիկ մարդկանց կողմից, եւ որ արտիստները միայնակ անկարող են դիմակայել այդ երեւույթին. «Պետությունն այդ գործում պետք է աջակցի մեզ, որպեսզի կարողանանք մաքրել շուկան, որպեսզի ճաշակով երաժշտություն մատուցենք ժողովրդին»,- նկատեց նա։

Ասուլիսի մյուս բանախոս, երգիչ Արսեն Գրիգորյանը (Մրո) իր հերթին ավելացրեց, որ թեպետ հեղինակային իրավունքների մասին օրենքը Հայաստանում գոյություն ունի, սակայն այն չի կիրառվում. «Իսկ քանի դեռ օրենքը չի կիրառվում, օրենք չէ»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ ինքը, որպես արվեստագետ, ուզում է պաշտպանված լինել եւ չի ցանկանում, որ իր ձայնագրությունները ապօրինի վաճառվեն կեղծարարների կողմից։