Պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիեւը ապրիլի 1-ին կհանդիպի այդ երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։
Ինչպես նշում է Turan-ը, Մեհտիեւի այցի նպատակն այդպես էլ անհայտ է մնում, սակայն կարելի է ենթադրել, որ Բաքուն փորձում է Էրդողանի՝ ԱՄՆ մեկնելու նախօրեին լեզու գտնել Անկարայի հետ։
Չնայած նրան, որ վերջին ժամանակներս Բաքվի հարաբերությունները սառել են Անկարայի եւ Վաշինգտոնի հետ, իրավիճակը Իլհամ Ալիեւին ստիպում է արագ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ, որպեսզի միայնակ չմնա Ղարաբաղի հարցում, հայտնում է աղբյուրը։
Ինչպես նշվում է, աշխարհաքաղաքական իրավիճակի զարգացումը բերել է նրան, որ Բաքվի դիրքերը տարածաշրջանում թուլացել են. «Դա տեղի ունեցավ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո։ Արեւմուտքն ակտիվորեն աջակցում է այդ գործընթացին եւ, հակառակ Բաքվի սպասումների, հրաժարվում է հայ-թուրքական սահմանի բացումը կապել ղարաբաղյան խնդրի հետ»։
Հաջորդ բացասական երեւույթը Nabucco-ի շրջափակումն էր Թուրքիայի կողմից։
Միաժամանակ Անկարան պայման առաջ քաշեց, որ ադրբեջանական գազը կգնի ցածր գնով եւ այն Եվրոպային կվերավաճառի ինքն անձամբ։ Այս ֆոնի վրա շարունակվում էին սրվել Բաքվի եւ Վաշինգտոնի հարաբերությունները, որը չէր թաքցնում այդ երկրում տիրող մարդու ազատությունների եւ իրավունքների խախտումների հետ կապված իր դժգոհությունը։
«Այս իրավիճակում Իլհամ Ալիեւին այլ բան չի մնում, քան հաշտվել Անկարայի հետ, որպեսզի հնարավոր լինի դիմագրավել „ընդհանուր թշնամուն“։ Հարց է, թե ի՞նչ է պետք վճարել դրա դիմաց»,- նշում է ադրբեջանական Turan-ը։



























