Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տեղեկացնում է, որ իրենց կողմից իրականացված հետևողական և նպատակային վարչարարության շնորհիվ 2010թ.-ը սկսվել և շարունակում է ընթանալ գերակատարումներով:

Այսպես, հաշվետու տարվա առաջին եռամսյակի հավաքագրումները գերակատարվել են և’ հարկային, և’ մաքսային մասով, որի արդյունքում պետական բյուջե է մուտքագրվել 126,7 մլրդ դրամ` պլանային առաջադրանքի 116,9 մլրդ դրամի փոխարեն, կամ ավել է հավաքագրվել 9,8 մլրդ դրամ: Միաժամանակ, նախորդ տարվա առաջին եռամսյակի բոլոր ամիսների համեմատությամբ նույնպես աճ է արձանագրվել, որը, ընդհանուր առմամբ, այս տարվա առաջին եռամսյակին կազմել է ավելի քան 19%:

Սոցիալական վճարների գծով նույնպես պահպանվել է աճի միտումը, և 2010-ի առաջին եռամսյակում հավաքագրվել է շուրջ 26.2 մլրդ դրամ պլանային առաջադրանքի 22.0 մլրդ դրամի փոխարեն կամ՝ 4.2 մլրդ դրամով շատ: Ավելին, 2009թ.-ի առաջին եռամսյակի համեմատությամբ մոտ 4.7 մլրդ դրամի չափով ավել սոցիալական վճարներ է հավաքագրվել, կամ աճը կազմել է ավելի քան 21%: