ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-մունը հանդուրժողականության միջազգային օրվա կապակցությամբ հանդես է եկել ուղերձով: Ուղերձում ասվում է.

«Մենք այսօր ապրում ենք գլոբալ փոփոխությունների շրջանում: Ի հայտ են գալիս ուժի եւ տնտեսական շարժի նոր կենտրոններ: Տեխնոլոգիաները ավելի քան երբեւէ մոտեցնում են մեզ, եւ միջմշակութային փոխանակումներն օրեցօր խորանում են: Բայց դա չի նշանակում, որ ըմբռնողականությունը եւս աճել է: Հասարակությունները դարձել են ավելի բազմազան, բայց անհանդուրժողականությունը շատ տեղերում աճում է:

Ամբողջ աշխարհում ժողովուրդներն ու համայնքները բախվում են խորը եւ տեւական տնտեսական, սոցիալական եւ բնապահպանական խնդիրների հետ: Աղքատությունը, քաղցը եւ հիվանդությունները շարունակում են մնալ անընդունելի մակարդակի վրա: Յուրաքանչյուր տարածաշրջան իր վրա կրում է կլիմայական փոփոխությունների աճող ազդեցությունը: Բնական աղետները շարունակ հիշեցնում են մարդկային խոցելիության մասին: Հակամարտություններն ու միջհամայնքային լարվածությունները շարունակվում են ամբողջ աշխարհում: Միլիոնավոր մարդկանց սպառնում է բռնության ու տեղահանման ամենօրյա վտանգը:

Այս բազմակողմ ու փոխկապակցված մարտահրավերների համար չկան անհատական լուծումներ: Մենք կարող ենք առաջ շարժվել միայն որպես ազգերի ու մշակույթների համայնք` ձգտելով մարդկային համերաշխության եւ գիտակցելով, որ բոլորս կիսում ենք մեկ ընդհանուր ճակատագիր: Ահա թե ինչու՝ հանդուրժողականությունն այսքան կարեւոր է:

Հանդուրժողականությունը պասիվ չի լինում: Այն պահանջում է ակտիվ ընտրություն` փոխադարձ ըմբռնման ու հարգանքի հիման վրա առաջ ընթանալու համար, հատկապես, երբ կա անհամաձայնություն: Հանդուրժողականությունն այն է, երբ մենք գիտակցում ենք, որ մեր բազմազանությունը մեր ուժն է, այն բոլոր հասարակություններում ստեղծագործ ուժի եւ վերականգնման  աղբյուր է:

Հանդուրժողականություն կարելի է եւ պետք է սովորել: Մենք պետք է աղջիկներին ու տղաներին ոչ միայն սովորեցնենք, թե ինչպես միասին ապրել, այլ  նաեւ, թե ինչպես գործել միասին` որպես այս աշխարհի  քաղաքացիներ: Հարկավոր է խթանել հանդուրժողականությունը` առաջ մղելով մշակութային ըմբռնումն ու հարգանքը, սկսած խորհրդարաններից մինչեւ խաղահրապարակներ: Մենք կարիք ունենք պայքարելու աճող անհավասարությունների դեմ եւ մերժելու սոցիալական  բացասումը` հիմնված սեռի, հաշմանդամության, սեռական կողմնորոշման, եւ էթնիկ կամ կրոնական պատկանելության վրա:

Հանդուրժողականությունը խաղաղության ու հաշտության ամենազորեղ հիմքն է: Ներկայիս արագընթաց ու հաճախ շփոթեցնող փոփոխությունների շրջանում այն, ավելի քան երբեւէ, կարեւոր է: Այս միջազգային օրվա կապակցությամբ կոչ եմ անում ազգային ու համայնքային առաջնորդներին  ու բոլոր նրանց, ովքեր ազդեցություն  ունեն ավանդական եւ սոցիալական լրատվամիջոցների եւ իրենց հասակակիցների վրա, հանդուրժողականությունն ընդունել որպես մի միջոց, որը կմիավորի մեզ դեպի խաղաղ, կայուն ապագա տանող մեր ընդհանուր ճանապարհին»: