Հայաստանի կառավարությունը ապրիլի 1-ին կայացած նիստում սահմանել է գարնանային զորակոչ անցկացնելու կարգը:
Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ ի կատարումն ՀՀ նախագահի 2010 թ. մարտի 25-ի «2010թ. գարնանային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին» հրամանագրի, կառավարությունը որոշել է զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանրապետական, իսկ ՀՀ վարչատարածքային միավորումներում այդ աշխատանքի համակարգման նպատակով` մարզային (Երեւանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ, հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը։
Կառավարությունը նաեւ, հիմք ընդունելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կաթողիկոսարանի միջնորդությունը եւ ներկայացված եկեղեցականների հոգեւոր ծառայության հանգամանքը, պարտադիր զինվորական ծառայությունից ազատել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց 16 միաբանների, իսկ մինչեւ 2011 թ. գարնանային զորակոչը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց 70 միաբանների եւ ուսանողների, Հնդկաստանի Կալկաթայի մարդասիրական ճեմարանի սաների։




























