Այսօր` ապրիլի 1-ին կայացած կառավարության նիստում հաստատվել է խաղային բնագավառի կարգավորման հայեցակարգը: Ինչպես ներկայացրել է ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը, հայեցակարգը ենթադրում է նախ եւ առաջ շահումով խաղերի ու խաղատների մասին օրենքում փոփոխություն կատարել:

«Այս նախագծով նախատեսվում է փոփոխություններ կատարել մի շարք օրենքներում, ըստ որի, մասնավորապես՝ պետք է կոնկրետացվեն խաղատների եւ խաղային գործը կազմակերպողների հիմնադիրների ու պաշտոնատար անձանց նկատմամբ ներկայացվող պահանջները, որոնք պետք է հաշվի առնեն նաեւ լիցենզավորման ժամանակ: Պետք է ստեղծվեն որոշակի պահուստային ֆոնդեր՝ հնարավոր չվճարումները կանխելու նպատակով: Կարեւոր տեղ է հատկացվելու շահումով խաղերի մեքենաների սերտիֆիկացման հարցերին, կանոնակարգվում են նաեւ գովազդային հարցերը»,-մանրամասնել է ֆինանսների փոխնախարարը:

Տիգրան Սարգսյանն այս առնչությամբ անհրաժեշտ է համարել հայեցակարգը ներկայացնել հանրային քննարկման` անտեղյակ մարդկանց քննադատություններից խուսափելու համար: