Բելառուսի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության հարցում հստակ է եւ բազմիցս հնչեցվել է երկրի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից: Մինսկը հանդես է գալիս հակամարտության շուտափույթ կարգավորման օգտին՝ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա, այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետո զրույցում ասել է Հայաստանում Բելառուսի դեսպան Ստեպան Սուխարենկոն՝ մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը, թե Ադրբեջանի եւ Բելառուսի ԱԳՆ-ների միջեւ քաղաքական խորհրդակցությունների շրջանակներում, որ կայացել են նախօրեին Բաքվում, ընդգծվել է, թե «տարածաշրջանում ամուր խաղաղության հասնելու միակ ուղին ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է Ադրբեջանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա»:

«Մեզ համար հավասարապես մոտ են երկու եղբայրական հանրապետությունները՝ Հայաստանն ու Ադրբեջանը: Եւ մենք հանդես ենք գալիս հակամարտության շուտափույթ կարգավորման օգտին՝ դրա բոլոր կողմերի շահերի պահպանմամբ, քանի որ այն իրավիճակը, որ ձեւավորվել է այժմ, նորմալ չէ»,- ընդգծել է դեսպանը:

Այսպիսով, ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն հերթական անգամ փորձում է ապակողմնորոշել հանրությանը՝ խեղաթյուրելով այլ, ինքնիշխան երկրի արտաքին քաղաքական գերատեսչության դիրքորոշումը: