ՍԴՀԿ-ի նոյեմբերի 23-ի համագումարը, որի շրջանակներում Գեւորգ Պերկուպերկյանի փոխարեն ընտրվելու է նոր ատենապետ, անօրինական է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՍԴՀԿ ատենապետ , ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:
Նրա խոսքով, իսկզբանե, ամեն ինչ սխալ է արվել Սեդրակ Աճեմյանի կողմից: «Կուսակցությունը պառակտելով՝ նա իրականում կործանեց կուսակցությունը, ինչը երբեւիցե նրան չի ներվելու՝ անկախ նրանից, թե վճռաբեկ ի օգուտ ինձ վճիռ կկայացնի, թե ոչ: Կուսակցությունը այսպես, թե այնպես այդ պարտությունը կրել է եւ ի դեմս Սեդրակ Աճեմյանի, եւ Գեւորգ Պերկուպեկյանի: Իսկ իմ մասով ես կարող եմ ասել, որ ամեն ինչ արջեւում է եւ Հնչակյանությունը ի դեմս ինձ մշտապես ներկայացված է լինելու: Իսկ , թե ինչ ձեւաչափով եւ ինչ կարգավիճակով, առաջիկայում հայտնի կդառնա»,- ասաց Լյուդմիլա Սարգսյանը:
Նա նաեւ ավելացրեց, որ պայքարը դեռ ավարտված չէ եւ պայքարի տարբեր միջոցներ կան՝ անկախ դատարանի վճռից: «Ես երբեւիցե զենքերս վայր չեմ դնելու, որովհետեւ հնչակյանությունը իմ մեջ է եւ այն ավանդը, որը ես ունեմ կուսակցության մեջ, ու այն վարչությունը, կազմը , որը այսօր գործում է Հնչակյան անվան տակ, անուրանալի է եւ ոչ մեկը դա մեզանից չի կարող խլել»,- ասաց Լյուդմիլա Սարգսյանը:




























