Հայաստանի Էներգետիկայի նախարարությունը մեկ ամսվա ընթացքում ավարտին կհասցնի էլեկտրաէներգիայի համահանրապետական անջատման դեպքի փորձաքննությունը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի էներգետիկայի ու բնական ռեսուրսների նախարար Արմեն Մովսիսյանը:

«Փորձաքննությունն արդեն սկսվել է: Դրա ավարտի ժամկետը դեռ պարզ չէ, սակայն, ամենայն հավանականությամբ, կավարտենք նշված ժամկետում»,- հայտարարել է նախարարը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ի առավոտյան Հայաստանի էներգոհամակարգը մեկուսացվել էր Իրանի համակարգից: 2 րոպե անց էներգոհամակարգերի զուգակցված աշխատանքը վերականգնվեց եւ Իրանից Հայաստան 190 ՄՎտ հզրությամբ էլեկտրամատակարարումը շարունակվեց(Հայաստանն ու Իրանը էներգիայի սեզոնային փոխմատակարարումներ են իրականացնում):

Խափանման արդյունքում Հայաստանի էներգոհամակարգում հաճախականությունը նվազեց մինչեւ 45 հերց, որի հետեւանքով էլեկտրամատակարարումը դադարեցվեց: Մեկ ժամ անց Հայաստանի սպառողների 70 տոկոսն արդեն ուներ էլեկտրաէներգիա, իսկ մինչեւ օրվա վերջ՝ ողջ հանրապետությունը: