Այսօր՝ նոյեմբերի 16-ին, ժամը 12:30-ի սահմաններում` մինչեւ 14:00-ն ընկած ժամանակահատվածում, ադրբեջանական զինված ուժերը, չանսալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչը, խախտել են հրադադարի ռեժիմը եւ ինտենսիվ կրակ բացել Տավուշի մարզի ուղղությամբ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, մասնավորապես, կրակել են Վազաշեն գյուղի ուղղությամբ ճանապարհով ընթացող քաղաքացիական մեքենաների վրա, ինչպես նաեւ՝ այլ հատվածներ ունենալով իրենց թիրախում: Հիմնականում, կրակ է արձակվել գնդացիրներից, ինչպես նաեւ մեծ տրամաչափի հրաձգային զենքերից:
Գնդակոծության հետեւանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Հայկական զինված ուժերը, կատարելով Պնախարար Սեյրան Օհանյանի հրահանգը, պահպանել են լռություն:
«Հերթական անգամ ադրբեջանական կողմը չի պահպանում հրադադարի ռեժիմը եւ անտեսում է խաղաղության բոլոր կոչերը, ինչը արդյունքում միջադեպի ողջ պատասխանատվությունը ընկնելու է իրենց վրա»,- նշել է Հովհաննիսյանը:





























