Հայաստանի Փաստաբանների պալատը դադարեցրել էր Արթուր Շավարշի Սարգսյանի փաստաբանի գործունեության արտոնագիրը նախաքննական մարմնի հետ համագործակցելու համար:

Պալատը ներկայացրել է այն հիմնավորումները, որոնք Փաստաբանների պալատի խորհրդին հիմք են տվել որոշում կայացնելու Արթուր Սարգսյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար:

«24.06.2013թ. ՀՀ Փաստաբանների պալատ է ստացվել ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ կալանավոր Շահնուր Ավետիսյանի դիմումը, որով վերջինս հայտնել է որ Լոռու մարզի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրեն ձերբակալելու պահից որպես իր պաշտպան է մասնակցել ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Արթուր Սարգսյանը, ով գործին ներգրավվել է գործը քննող քննիչի եւ հսկող դատախազի հրավերով` առանց իր կամ իր հարազատների համաձայնութան:

ՀՀ Փաստաբանների պալատի նախագահի 28.06.2013թ.  թիվ 83-Ա/ԿԳ13-014 որոշմամբ փաստաբան Արթուր Սարգսյանի նկատմամբ Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 3.1.9 կետի խախտման հատկանիշներով հարուցվել է  կարգապահական վարույթ:

Կարգապահական գործի նախապատրաստման արդյունքում 30.08.2013թ. կազմվել է եզրակացություն, համաձայն որի փաստաբան Արթուր Սարգսյանի կողմից թույլ է տրվել Փաստաբանի վարքագծի կանոնագրքի խախտում:

2013թ. նոյեմբերի 8-ին ՀՀ Փաստաբնների պալատի խորհրդի նիստում քննարկվել է փաստաբան Արթուր Սարգսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը:

Քննարկման արդյունքում Պալատի խորհուրդն ուսումնասիրելով կարգապահական գործում առկա փաստաթղթերը, լսելով նիստին հրավիրված փաստաբան Արթուր Սարգսյանի բացատրությունները, եկել է այն եզրակացության, որ վերջինիս կողմից թույլ է տրվել Փաստաբանի վարքագծի կանոնակարգի 3.1.9 կետով նախատեսված խախտում, այն է` որպես Շահնուր Ավետիսյանի պաշտպան գործին ներգրավվել ու մասնակցել է, ընդունելով վարույթն իրականացնող մարմնի հանձնարարությունը:

Բացի այդ ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը հաշվի է առել նաեւ փաստաբան Արթուր Սարգսյանի կողմից իրականացրած գործողությունների բնույթը` վստահորդի շահերը պատշաճ կարգով ներկայացված լինելու տեսանկյունից եւ գտել, որ փաստաբան Արթուր Սարգսյանն իր վստահորդ Շահնուր Ավետիսյանին ցույց չի տվել բավարար իրավական օգնություն, որպիսի արարքը վարույթն իրականացնող մարմնի հանձնարարությունն ընդունելու հետ համակցության մեջ հանդիսանում է ակնհայտ կոպիտ կարգապահական խախտում:  

Հաշվի առնելով վերոգրյալը եւ ղեկավարվելով «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի  10-րդ, 39-րդ, 39.6-ից 39.9-րդ հոդվածների, Պալատի կանոնադրության 16.26 կետի պահանջներով, Փաստաբանների պալատի խորհուրդը որոշել է դադարեցնել փաստաբան Արթուր Սարգսյանի արտոնագրի գործողությունը»: