26-ամյա Արման Թադեւոսյանը երկու տարի առաջ նշանադրվել է անչափահասի հետ, փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերություն ունեցել նրա հետ: Իսկ ավելի ուշ սկսել է ծեծի ենթարկել նրան: Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Արման Թադեւոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2011թ.հոկտեմբերի 13-ին նշանադրվել է 15-ամյա Պ. Պ-ի հետ,որից հետո 2011թ. հոկտեմբերի 14-ին,ժամը 02-ի սահմաններում գտնվելով 18 տարին լրացած հասակում Սեւան քաղաքի իրենց  բնակարանում փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերություն է ունեցել ակնհայտ 16 տարին չլրացածի հետ: Փաստացի ամուսնական կյանք վարելով նրա հետ մինչեւ 2012թ. փետրվարի 11-ը ընկած ժամանակահատվածում, մինչեւ կնոջ 16 տարին լրանալը, նախ Սեւան քաղաքի  բնակարանում,իսկ 2011թ.նոյեմբեր ամսի վերջերց սկսած ՌԴ Մոսկվա քաղաքի բնակարանում պարբերաբար փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերություն է ունեցել վերջինիս հետ: Բացի այդ նա ՌԴ Մոսկվա քաղաքի բնակարանում փաստացի ամուսնական կյանք վարելով անչափահասի հետ,2011թ. նոյեմբեր ամսից սկսած մինչեւ 2013թ. օգոստոս ամիսը ընկած ժամանակահատվածում կենցաղային հարցերի շուրջ հաճախակի վիճաբանել է վերջինիս հետ, որի ընթացքում ծեծի է ենթարկել նրան` յուրաքանչյուր անգամ ձեռքով 4-5 անգամ հարվածելով Պ.Պ-ի մարմնի տարբեր մասերին, նրան պատճառելով ֆիզիկական ցավ:

Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 եւ 141 հոդվածների հատկանիշներով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալը: Գործը դատարան է ստացվել նոյեմբերի 13-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: