Թբիլիսիում տեղի է ունենում Վրաստանի նորընտիր նախագահ, իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի ներկայացուցիչ Գեորգի Մարգվելաշվիլու երդման արարողությունը: Վրաստանում հոկտեմբերի 27-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքում նա հավաքել էր ձայների 62,12 տոկոսը:
Վրաստանի նորընտիր նախագահի երդման արարողությունը մեկնարկել է տեղական ժամանակով ժամը 13:00-ին Թբիլիսիի կենտրոնում գտնվող խորհրդարանի հին շենքում ու տեւեկ է 45 րոպե: Նշենք, որ երդման արարողությանը զուգահեռ ընթանում էր նաեւ բողոքի ցույց: Փողոց էին դուրս եկել ընդդիմադիրՎրաստանի Լեյբորիստական կուսակցության ներկայացուցիչները՝ առաջնորդ Շալվա Նաթելաշվիլու գլխավորությամբ, հաղորդում է «Նովոստի Գրուզիա» գործակալությունը:
Լեյբորիստները խորհրդարանի շենքի մոտ էին եկել կուսակցության խորհրդանիշ դրոշներով ու պաստառներով: Նաթելաշվիլին բազմիցս նշել է ընտրակեղծիքների մասին ու բողոքի ցույցեր է կազմակերպել:Նշենք, որ երդման արարողությանը մասնակցելու համար Թբիլիսի էր ժամանել 50 պաշտոնական պատվիրակություն: Հայաստանը ներկայացնում են արտգործնախարարն ու էներգետիկայի նախարարը:Երդման արարողությունից հետո տեղի կունենա հանուն Վրաստանի տարածքային ամբողջականության պահպանման զոհված հերոսների հուշահամալիրին ծաղկեպսակ դնելու արարողություն, այնուհետեւ պաշտոնական ճաշկերույթ, որը կազմակերպում է նորընտիր նախագահը օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների համար, որոնք երդման արարողության համար ժամանել են Թբիլիսի, այնուհետ Մարգվելաշվիլին երկկողմանի հանդիպումներ կունենա նրանց հետ: Շոթա Ռուսթավելու անվան Պետական ակադեմիական թատրոնում երեկոյան տեղի կունենա գալա-համերգ, իսկ ավելի ուշ Մարգվելաշվիլին ընդունելություն կկազմակերպի Sheraton Metechi Palace հյուրանոցում:
Մարգվելաշվիլու երդմնակալությամբ սպառվում են Միխայիլ Սահակաշվիլու նախագահակա լիազորությունները: Հատկանշական է, որ ոչ նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, ոչ նրա կողմնակիցները չեն մասնակցել երդման արարողությանը: Ներկա չեն եղել նաեւ Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավան, ում ենթականերն էլ զբաղվել են դրա կազմակերպչական աշխատանքներով:





























