Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ապրիլի 1-ին ընդունել է Ուկրաինայի հայերի միության առաջին փոխնախագահ, Կիեւի հայ համայնքի նախագահ Տիգրան Ղարագյոզյանին:

Հայաստանի սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, որոնք վերաբերվել են Ուկրաինայի Գերագույն Ռադայում Հայոց Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քննարկումների կազմակերպմանը, Ուկրաինայի հայերի շրջանում հայոց լեզվի ուսուցմանը, կադրերի վերապատրաստմանը, Սփյուռքի ավելի մեծ փորձառություն ունեցող համայնքների փորձի ուսումնասիրությանը, ինչպես նաեւ Ուկրաինայի հայ համայնքի պատմության վերաբերյալ համընդգրկուն ուսումնասիրության հրապարակմանը:

Նախարար Հ. Հակոբյանը կարեւորել է Ուկրաինայի հայության միասնական, միահամուռ ուժերով աշխատելու գաղափարը` խորհուրդ տալով առավել մեծ ուշադրություն դարձնել ներուժ ունեցող ակտիվ երիտասարդությանը` ներգրավելով նրանց համայնքի համար կարեւոր նշանակություն ունեցող խնդիրների լուծման գործում: