Ապահովագրության, բանկային եւ ֆոնդային ակտիվների հարցերով Վաշինգտոնի հանձնակատար Ուիլյամ Ուայթը պաշտոնից հեռացվել է նախագահ Բարաք Օբամային եւ Սպիտակ տան կողմից իրականացվող առողջապահական բարեփոխումը  հրապարակավ քննադատելուց մեկ օր անց:

Իր պաշտոնում երեք տարի աշխատած Ուայթին աշխատանքից հեռացնելու պատճառը Վաշինգթոնի քաղաքապետարանի կայքում պաշտոնյայի տեղադրած հայտարարությունն էր: Այնտեղ Ուայթը բացասական էր արտահայտվել առողջապահական բարեփոխման թերությունները վերացնելու նախագահի ծրագրերի վերաբերյալ, որոնք Օբաման հրապարակել էր մի քանի օր առաջ, գրում է The Washington Post-ը:

Օբաման հայտարարել էր, որ «ԱՄՆ-ի քաղաքացիները կարող են շարունակել օգտվել գործող բժշկական ապահովագրություններից եւս մեկ տարի, եթե նույնիսկ դրանց պայմանները չեն բավարարում հոկտեմբերի 1-ին ուժի մեջ մտած բժշկական ապահովագրության նոր օրենքի դրույթներին», նշում է հրատարակությունը, հաղորդում է Russia Today-ը:

«Բարեփոխումները քննադատող իմ խոսքերը համացանցում հայտնվելուց ուղիղ 24 ժամ անց ես ծանուցում ստացա իմ ազատման վերաբերյալ», - հայտնել է Ուայթը թերթի հետ հարցազրույցում: