Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով հաշմանդամություն ունեցող անձանց ազատ տեղաշարժման խնդրին, նախ հանձնարարել է ծանուցումներ ուղարկել մայրաքաղաքում գործունեություն ծավալող բոլոր կառույցներին՝ իրենց տնօրինած շինությունների մուտքերը հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց տեղաշարժվելու համար հարմարեցնելու պահանջով: Ընդ որում, քաղաքապետը շեշտել է, որ քաղաքաշինական նոր ծրագրերը կհաստատվեն միայն այն դեպքում, երբ դրանցում պահպանված լինեն հաշմանդամների ազատ տեղաշարժի ապահովման սահմանված նորմերը:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե Տարոն Մարգարյանը նաեւ հանձնարարել է նաեւ առաջարկներ ներկայացնել հաշմանդամների ազատ տեղաշարժն ապահովելու որոշ ծրագրեր 2014 թվականի համայնքային բյուջեում ներառելու համար:

«Մենք բազմիցս ենք հայտարարել, որ հաշմանդամություն ունեցող անձանց բոլոր խնդիրները մեր մշտական ուշադրության կենտրոնում են: Առնվազն վերջին երկու տարվա ընթացքում բյուջեից համապատասխան միջոցներ ենք տրամադրել մասնավորապես թեքահարթակների կառուցման համար, ինչն, ի դեպ, աննախադեպ էր: Այդ նպատակով բյուջեից առանձին տողով երբեւէ գումար չէր հատկացվել: Սակայն դա բավարար չենք համարում եւ, ըստ այդմ, պետք է շարունակենք կիրառել այս մոտեցումն ու փորձենք մի քանի տարվա ընթացքում մայրաքաղաքի փողոցները, մայթերը, հասարակական օբյեկտներն ու այլ վայրերը հարմարեցնել տեղաշարժման խնդիր ունեցող մեր քաղաքացիների համար: Պետք է փորձենք նաեւ որոշ քանակությամբ ավտոբուսներ արդեն 2014 թվականին հարմարեցնել հաշմանդամների տեղաշարժման ապահովմանը: Բացի այդ, քաղաքաշինական բոլոր նախագծերում, որպես պարտադիր նորմ, մեր կողմից կսահմանվեն հաշմանդամների ազատ տեղաշարժի ապահովման պայմանները»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: