2013 թվականի ծրագրով Երեւանում շարունակվում եւ ավարտական փուլում են ասֆալտբետոնե ծածկի հիմնանորոգման եւ ընթացիկ նորոգման աշխատանքները: Այդ մասին Երեւանի քաղաքապետարանում կայացած խորհրդակցության ժամանակ հայտարարել է շինարարության եւ բարեկարգման վարչության պետը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ձեւավորել աշխատանքային խումբ եւ ուսումնասիրել կատարված աշխատանքների որակը:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե զեկուցվել է, որ շարունակվում են Լենինգրադյան-Իսակով եւ Ուլնեցի-Ռուբինյանց փողոցները կապող նոր ավտոճանապարհների կառուցման աշխատանքները: Մասնավորապես, վերջինի մասով նշվել է, որ այն ավարտական փուլում է եւ առաջիկայում կհանձնվի շահագործման:
Բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքում շարունակվում է աշնանային ծառատունկը, որի շրջանակներում արդեն իսկ տնկվել է 15 հազար ծառ եւ թուփ: Զեկուցվել է նաեւ, որ իրականացվում են չորացած եւ վնասված ծառերի սանիտարական էտման աշխատանքներ:
Մայրաքաղաքում ծառահատման դեպքերի կանխման նպատակով քաղաքապետը հանձնարարել է խիստ հսկողություն իրականացնել եւ մեղավորներին օրենքով սահմանված կարգով ենթարկել խիստ պատասխանատվության:
«Ծառատունկերի կազմակերպումն, անշուշտ, շատ կարեւոր է մայրաքաղաքի կանաչ տարածքների ընդլայնման համար, սակայն միաժամանակ պետք է ուժեղացնել հսկողությունը ապօրինի ծառահատումների բացառման ուղղությամբ, իսկ օրինախախտներին ենթարկել խիստ պատասխանատվության: Բացի այդ, կառուցապատման թույլտվություններ տալիս նախապես տեղում ուսումնասիրեք տարածքը եւ բացառեք կանաչ գոտիներում ու ծառապատ տարածքներում կառուցապատման որեւէ թույլտվության տրամադրումը»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Անդրադառնալով առաջնահերթ վերանորոգման եւ վերակառուցման անհրաժեշտություն ունեցող պատշգամբների խնդրին՝ քաղաքապետը հանձնարարել է շարունակել գույքագրել առավել վթարավտանգ վիճակում գտնվող պատշգամբներն ու դրանք ընդգրկել հաջորդ տարվա ծրագրերում:
Առաջիկա ձմռան նախապատրաստական աշխատանքներում մասնավոր հատվածի ներգրավման ուղղությամբ հանձնարարվել է համապատասխան քայլեր ձեռնարկել: Այդ նպատակով բոլոր տնտեսվարողներին կուղարկվեն ծանուցումներ: Հանձնարարվել է նաեւ մասնավոր շինարարական ընկերությունների հետ պայմանավորվածություններ ձեռք բերել ձնամաքրման աշխատանքներում լրացուցիչ մեքենամեխանիզմների եւ տեխնիկայի ներգրավման մասով:
Երեւանի գլխավոր դիզայները զեկուցել է, որ ավարտվել են բակային տարածքներում 2013 թվականին նախատեսված նկարազարդման աշխատանքները: Ընդհանուր առմամբ, նկարազարդվել է 234 բակ՝ 11990 քմ մակերեսով՝ նախորդ տարվա 190 բակի համեմատ: 2014 թվականի աշխատանքներում եւս նկարազարդումներն ընդգրկելու նպատակով հանձնարարվել է բազմաբնակարան շենքերի եւ տնատիրությունների տարածքներում կատարել համապատասխան գույքագրում:
Կրթական հաստատություններում ջեռուցման սեզոնի մեկնարկի հետ կապված հանձնարարվել է համապատասխան ուսումնասիրություններ եւ ստուգայցեր կատարել՝ բոլոր հաստատություններում անհրաժեշտ ջերմաստիճանի ապահովումը պահպանելու նպատակով:




























