Հյուսիսային Իրաքի Քուրդիստանի ինքնավար հատվածի առաջնորդ Մեսուդ Բարզանին հայտարարել է, որ եթե Թուրքիայում քրդական հարցի կարգավորման գործընթացն իր ուզածով գնա, ապա համաներում է կիրառվելու, որը ներառելու է նաեւ Աբդուլլահ Օջալանին։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ օրեր առաջ Դիարբեքիրում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպելուց հետո քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» (BDP) կուսակցության պատգամավորների հետ հանդիպման ժամանակ Իրաքի Քուրդիստանի ինքնավար հատվածի առաջնորդ Բարզանին հայտարարել է, թե քրդերը մոտ են ազատությանը, որը տեղի կունենա քաղաքացիական ճանապարհներով։ Նա նշել է, թե քրդական հարցի կարգավորման գործընթացն սպասվածի պես ընթանալու դեպքում համաներում կլինի, որը կտարածվի նաեւ PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի վրա։

Բարզանին իր խոսքում նաեւ շնորհակալություն է հայտնել Էրդողանին՝ շեշտելով, թե նույնիսկ երզում չէր տեսնի, որ Դիարբեքիրում իրեն կդիմավորեն քրդական դրոշներով։