Գյումրիի Ավստրիական «Մոր եւ մանկան» հիվանդանոցի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի բժիշկ-գինեկոլոգ 36-ամյա Վահագն Մադոյանին մոտ երկու շաբաթ առաջ կալանավորել են: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:

Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝  իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, այն պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը 1 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով:

Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը, նա այժմ գտնվում է «Արթիկ» ՔԿՀ-ում:

ԳԱԼԱ-ի տեղեկություններով՝ բժիշկը ցանկացել է իրենց տան դիմացի փողոցից մեքենան բերել ու կայանել իր սեփական ավտոտնակում: Սակայն քաղաքացիական հագուստով անձինք նրան կանգնեցրել եւ ասել, թե խախտում է թույլ տվել: Այնուհետեւ պարզվել է, որ նրանք ոստիկաններ են, տեղի է ունեցել լեզվկառիվ, քաշքշուկ, որոշ տեղեկությունների համաձայն՝ ոստիկանները անգամ ծեծել են բժշկին: