Եղվարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած վթարի արդյունքում մեղադրյալի կարգավիճակում գտնվող հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի խափանման միջոցի հարցը Վերաքննիչ դատարանում կքննվի նոյեմբերի 21-ին, ժամը 16.00-ին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց նրա փաստաբանը՝ Նիկոլայ Բաղդասարյանը:
Նրանք դիմել էին Վերաքննիչ դատարան՝ բողոքարկելով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը՝ Վարդան Պետրոսյանին երկամսյա կալանքի տակ վերցնելու վերաբերյալ:
Փաստաբանը տեղեկացրեց, որ առայժմ ոստիկանություն, դատախազություն ուղակված մյուս դիմումներից, բողոքներից նորություն չկա:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել էին BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի եւ «ՎԱԶ 2121» մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ, նրանց մեջ էր նաեւ հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը: Ավելի ուշ Էդգար եւ Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել էին:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Վարդան Պետրոսյանը կալանավորված է, եւ գտնվում էր «Դատապարտյալների հիվանդանոցում»: Նրան այսօր տեղափոխել են «Քանկոր» սիրտ-անոթային բժշկության կենտրոն, քանի որ խնդիրներ ուներ սրիտ հետ կապված, որոնք այժմ ավելի են սրվել:





























