Կոմիտաս 5-ի դեպքերի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում Armenia Today լրատվական գործակալության համակարգող Արգիշտի Կիվիրյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունը վերսկսվում է: Այս մաին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Արգիշտի Կիվիրյանը:
Նա նշեց, որ այսօր ՀՔԾ-ից գրություն է ստացել, որի մեջ մասնավորապես նշված էր. «ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալի կողմից ցուցում է տրվել, գործով լրացուցիչ քննչական գործողություններ կատարելու վերաբերյալ: Ուստի քննչական գործողությունները կատարելուց հետո քրեական գործով նախաքննության ավարտի մասին կհայտնվի լրացուցիչ»:
Հետաքրքիրն այն էր, որ նոյեմբերի 13-ին ՀՔԾ-ում առերեսման համար հրավիրված Արգիշտի Կիվիրյանին հայտնել էին նախաքննության ավարտի մասին, իսկ դրանից օրեր անց որոշումը փոխվել է: Թե ինչով է սա պայմանավորված՝ արդյոք այնքան ոչ պրոֆեսիոնալ են, որ հիմա են հասկացել, որ անավարտ գործողություններ կան, թե հրահանգ են ստացել երկարացնել նախաքննությունը, Արգիշտի Կիվիրյանը ենթադրություններ չի անում. «Չեմ կարող ենթադրել, երկու տարբերակն էլ հնարավոր է: Չի բացառվում որ բացեր են ետսել, որոշել են ինչ-որ պնդացնել, կամ ցուցում են ստացել, որ ավել բան անել: Ցանկացած դեպքում մենք մեր պայքարը շարունակելու ենք բոլոր տեղերում»,- հայտնեց Արգիշտի Կիվիրյանը:
Հիշեցնենք, որ 2013թ. օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում տեղի ունեցած միջադեպից հետո Արգիշտի Կիվիրյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, եւ 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի՝ սուտ մատնություն հատկանիշներով:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























