«Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանի նոր փաստաբան ունի, նրա շահերը կպաշտպանի Փաստաբանների պալատի անդամ Ինեսա Պետրոսյանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հգայտնեց փաստաբանը:
Նա նշեց, որ արդեն հանդիպել է «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում գտնվող Շանթ Հարությունյանին, առաջին հանդիպումը ճանաչողական բնույթ ուներ: Փաստաբանը հայտնեց, որ Շանթ Հարությունյանի առողջական վիճակը բավարար է: Ինչ վերաբերում է դատահոգեբուժական փորձաքննություն անցկացնելու նպատակով նրան հոգեբուժարան տեղափոխելուն, Ինեսա Պետրոսյանի փոխանցմամբ, քննիչը նման միջնորդություն է ներկայացրել, բայց առայժմ դատարանը որոշում չի կայացրել: «Հավանաբար այսօր կամ վաղը դատական նիստ կլինի, ես դեռ ծանուցված չեմ»,- ասաց Շանթ Հարությունյանի պաշտպանը:
Նշենք, որ Շանթ Հարությունյանի նախկին կինը՝ Ռուզաննա Բադալյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էր, որ իր նախկին ամուսինը «գժի թուղթ չունի», «Շանթը գիժ չի ու գիժ չի էլ եղել»: Նա պատմել էր, որ Շանթ Հարությունյանին ձերբակալել էին 2008թ մարտի 1-ի գործով, մեկ տարի շարունակ նրան պահել են, բայց մեկ տարի անց են միայն որոշել դատահոգեբուժական փորձաքննության ենթարկել, ինչը առնվազն կասկածելի է: Իսկ այդ ժամանակ նրա հետ շատ վատ էին վարվել, փորձել սրսկել քնած ժամանակ եւ այլն: Փորձաքննությամբ պարզվել է, որ Շանթ Հարությունյանը մարտի 1-ից առաջ եղել է նորմալ, առողջ վիճակում, մարտի 1-ին ստեղծված իրավիճակում եղել է աֆեկտի մեջ եւ չի գիտակցել իր գործողությունները:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը, որն արդեն մի քանի օր Ազատության հրապարակում նստացույց էր անում եւ հայտարարել էր հեղափոխություն սկսելու մասին, նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 37 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում՝ 8 ոստիկան, նրանցից մեկն էլ դանակահարվել էր: Ձերբակալվել էր 20 մարդ, որոնցից 6-ին մեղադրանք էր առաջադրվել, նրանք կալանավորվել էին, մնացածին ազատ էին արձակել:





























