Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) կողմից պատրաստված նախնական գնահատականը, որ հանրությանը ներկայացվեց 2013թ. նոյեմբերի 18-ին Երեւանում, առաջարկում է ուղիներ՝ Հայաստանում օրինաստեղծ գործընթացների հետագա ներդաշնակեցման համար:
Նախնական գնահատականը, որը պատրաստվել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի առաջարկով, առանձնացնում է օրենսդրական գործընթացները կարգավորող իրավական դաշտում հնարավոր բացերի վեց հիմնական ոլորտներ եւ առաջարկում է մի շարք միջոցառումներ, որոնք կարող են բարելավել ընթացակարգերը, ինչպիսիք են՝ օրենքների նախագծերի վերանայման համար ժամկետների առավել ճկունությունը, օրենքի մշակման գործընթացում քաղաքացիական հասարակությանը ներգրավելու ավելի մեծ ջանքերը:
«Այս նախնական վերլուծությունը առաջին քայլ է դեպի Հայաստանի օրինաստեղծ համակարգի համապարփակ գնահատումը», ասաց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը: «Հավատացած ենք, որ այն կարող է հանգեցնել կարեւոր բարեփոխումների, որոնք կկատարելագործեն օրենսդրական կարգավորման արդյունավետությունը եւ օգտակարությունը»:
Հայաստանի կառավարության եւ Ազգային ժողովի ներկայացուցիչները մասնակցեցին նախնական գնահատման շնորհանդեսին Երեւանում, որտեղ քննարկեցին փաստաթղթում նախանշված օրենսդրական ընթացակարգերի բացերը եւ դրանց անդրադառնալու ուղիները:
«ԵԱՀԿ հանձնառությունների համաձայն թափանցիկ եւ համակողմանի օրինաստեղծ ընթացակարգը որակյալ օրենսդրության բանալին է», - ասաց ԺՀՄԻԳ-ի օրենսդրական աջակցության բաժնի ղեկավար Էլիս Թոմասը. «ԺՀՄԻԳ-ը պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանի իշխանություններին իրենց՝ օրինաստեղծ գործընթացների հզորացման ջանքերում եւ իրենց առաջարկության համաձայն՝ ներկայացնելով համապարփակ գնահատականը, որը նաեւ հաշվի կառնի գործնական կիրառումը՝ ապահովելու նաեւ այն, որ առաջարկությունների առանցքում լինեն բարեփոխումների գործնական եւ իրագործելի լուծումներ»:
Նախնական գնահատականին կարող եք ծանոթանալ այստեղ:





























