Փարիզի ոստիկանությունը շարունակում է նոյեմբերի 18-ին Փարիզի կենտրոնում կրկնակի հրաձգություն իրականացրած տղամարդու որոնումները: Ոստիկաններն ունեն հրաձիգի մի քանի հստակ լուսանկարներ: Սակայն քննիչները դեռ չգիտեն, թե ինչ պատճառով է այդ 35-40 տարեկան տղամարդը կրակել մարդկանց վրա, հայտնում է «Ռուսաստանի ձայնը»:
Վերջին անգամ ենթադրյալ հանցագործին տեսել էին նոյեմբերի 18-ին` Ելիսեյան դաշտերի շրջանում, որից հետո ոստիկանությունը կորցրել էր նրա հետքը:
Հաղորդվել էր, որ տղամարդը կարող էր մետրո նստել կամ պատանդ վերցնել հերթական վարորդին` այդպիսով հասնելով Փարիզի ցանկացած այլ հատված: Այդ կապակցությամբ հանցագործի լուսանկարներն ուղարկվել էին Փարիզի բոլոր ոստիկանական բաժանմունքներ:
Անհայտ անձը նոյեմբերի 18-ին ներխուժել էր ֆրանսիական Liberation թերթի խմբագրություն եւ կրակ բացել: Արդյունքում ծանր վիրավորվել էր երիտասարդ ֆոտոլրագրողը, որի առաջին աշխատանքային օրն էր տվյալ խմբագրությունում:
Ըստ ականատեսների՝ կրակոցից հետո հանցագործն ասել էր. «Հաջորդ անգամ չեմ վրիպի»:
Որոշ ժամանակ անց նա կրակ էր բացել Societe General բանկի գրասենյակի մոտ՝ Դեֆանս թաղամասում: Այս անգամ հրաձգությունն առանց տուժածների էր ավարտվել: Դրանից հետո ոստիկանությունը զանգ էր ստացել տղամարդուց, որին պատանդ էր վերցրել հանցագործը եւ տարել Ելիսեյան դաշտեր: Արդյունքում հանցագործը բաց էր թողել ավտոմեքենավարին:





























