2011թ. հունիսի 26-ին շտապօգնության բժիշկ Աշոտ Գրիգորյանին ծեծելով սպանած Արտակ Կարապետյանը վաղը կտեղափոխվի «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը:
Նա նշեց, որ վերջինս հացադուլ եւ ջրադուլ է հայտարարել, բայց բերանը չի կարել, ինչպես նշված է լրատվամիջոցներում: Արտակ Կարապետյանը գտնվում էր «Դատապարտյալների հիվանդանոցում» եւ բուժում էր ստանում, նրա առողջական վիճակը նորմալ է:
Նշենք, որ «Հայկական ժամանակը» գրել էր, որ 2011թ. հունիսի 26-ին շտապօգնության բժիշկ Աշոտ Գրիգորյանին ծեծելով սպանած Արտակ Կարապետյանը երեկ կարել է բերանը եւ հրաժարվել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի բժիշկների օգնությունից։
«Վերջինս արդեն 6-րդ օրն է հացադուլ եւ ջրադուլ է հայտարարել՝ բողոքելով իր դեմ կայացրած անարդար դատավճռի դեմ։ Այս մասին մեր թղթակցին հայտնել է նրա հայրը՝ Արամայիս Կարապետյանը։ Արտակ Կարապետյանը դատապարտվելէ 15 տարվա ազատազրկման»,- գրել է թերթը։





























