Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության եւ Ռուսաստանի ատոմային էներգիայի «Ռոսատոմ» պետական կորպորացիայի միջեւ համաձայնություն է ստորագրվել Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկի համար «ատոմային կղզու» սարքավորումների պահեստավորման շուրջ:

Համաձայնագիրն ամրապնդում է այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք էին բերվել «Ռոսատոմի» ղեկավարի՝ 2009թ. հոկտեմբերի 23-ին Երեւան կատարած այցի ընթացքում: Մասնավորապես՝ պայմանավորվել էին 1060 ՄՎտ հզորությամբ եւ 60 տարի շահագործման ժամկետով, անվտանգության եվրոպական չափանիշներով հավաստագրված նոր ատոմային բլոկի կառուցման շուրջ՝ ԱԷԿ-92 տիպի նախագծով, «ատոմային կղզու» համար ռուսական արտադրության նոր սարքավորումների պահեստավորման եւ համալրման, ինչպես նաեւ այդ նպատակով հայ-ռուսական «Մեծամորէներգոատոմ» բաժնետիրական ընկերության ստեղծման մասին:

Ինչպես նշված է «Ռոսատոմի» կայքում, համաձայնագիրը կողմերի համար միջազգային իրավունքով կարգավորվող պարտավորություններ չի ստեղծում, եւ կոմերցիոն ռիսկերի որեւէ պատասխանատվություն չի նախատեսում: