Կենսաթոշակների պարտադիր կուտակային համակարգի դեմ ուղղված ակցիաները դրական երեւույթ են: Այս մասին նոյեմբերի 19-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ նշելով, որ օրենսդրությունը մշակվել է մի քանի տարի, այդ ընթացքում շտկումներ են կատարվել:

«Եթե կան մարդիկ, որոնց թվում է, որ մասնագետները պետք է շրջեն տներով եւ  բացատրեն իրավիճակը, նրանք սխալվում են: Այն փաստը, որ մարդիկ փողոց են դուրս եկել, նշանակում է, որ հասկանում են կուտակային համակարգի էությունը, պարզապես նրանք կասկածներ ունեն», - ասել է Սահակյանը: Ըստ նրա` հասարակությունը պետք է  պետության մասը լինի որոշումներ կայացնելու առումով, սակայն կասկածների առկայությունը չպետք է խոչընդոտ հանդիսանա: «Խնդիրն այն է, որ նրանք չեն ցանկանում, որպեսզի կուտակային համակարգը պարտադիր լինի: Մինչդեռ, իշխող կուսակցությունն, ի դեմս կառավարության, այդ կուտակային համակարգի երաշխավորն է»:

Խոսելով չորս խորհրդարանական խմբակցությունների արտահերթ նիստ անցկացնելու վերաբերյալ նախաձեռնությանը` Սահակյանը նշել է, որ նրանք ցանկանում են զրոյից սկսել այդ օրենքի քննարկումը: «Սակայն դա անիմաստ է, իսկ մենք` որպես թելադրող քաղաքական ուժ, չկարողացանք ընդառաջ գնալ մյուս քաղաքական ուժերի նման հնարքներին»:

 Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am