Ադրբեջանի բանակի զինծառայողը պայթել է ականի վրա: Ինչպես հաղորդում է APA-ն, դա տեղի է ունեցել «ճակատային գոտում»: Միջադեպի կոնկրետ տեղը չի նշվում, փոխարենը որոշ հետաքրքիր մանրամասներ են հաղորդվում, որոնք ստիպում են մտածել, որ միջադեպը տեղի չի ունեցել այնպես, ինչպես ներկայացվում է:
Ըստ APA-ի Ադրբեջանի բանակի N զորամասի ենթասպա Համեթ Նասիրովը «փորելու աշխատանքներ կատարելիս» պայթել է ականի վրա: Ծանր վիրավոր զինվորականը տեղափոխվել է հոսպիտալ: Ադրբեջանի ՊՆ-ում այս փաստը հաստատել են:
Այս առնչությամբ տեղին է հիշեցնել, որ վերջին ժամանակներս ադրբեջանական ստորաբաժանումները ակտիվորեն խախտում են հրադադարի ռեժիմը: Շատ հավանական է, որ ականի վրա պայթյունի միջադեպը այդ գործողությունների տրամաբանական շարունակությունն է եւ առնչություն ունի Վիեննայում այսօր կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման հետ:
Այլ կերպ ասած, ադրբեջանական կողմը նման միջադեպերի, կամ ավելի ճիշտ չհաջողված դիվերսիաների միջոցով փորձում է «տեղեկատվական ֆոն» ստեղծել: Իսկ ենթասպայի կողմից «փորելու աշխատանքների» մասին պնդումն ընդհանրապես ծիծաղելի է:





























