Դեռ նախորդ պատերազմի վերքերը չբուժած մենք հիմա մտնում ենք նոր դաշինքի մեջ, որը կամավոր չէ, մեզ տանում են, ստիպում են, որ մտնենք դրա մեջ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը։
«Եթե Ռուսաստանը այնքան հզոր է, որ ունի ապագա, թող այդ հզոր երկիրը հենց հիմա ներողություն խնդրի ՀՀ-ից սանձազերծված պատերազմի համար, նոր սկսենք մեր հարաբերությունները։ Եթե Ռուսաստանը այնքան զառամյալ է, որ չի կարողանում Թուրքիայի հետ իր կնքած դաշինքը անվավեր համարել, իր սխալը ուղղել, մենք ուր ենք գնում այդ զառամյալի հետ, լավ ապագայի համար պետք է սկիզբն էլ լավ լինի, եթե նա ի վիճակի չէ, մենք ինչի՞ ենք խորտակվող նավով ճանապարհ դուրս գալիս»,- ասաց Ազատ Արշակյանը։
Նա նշեց, որ առհասարակ կողմ է գլոբալիզացիային եւ կարծում է, որ Հայաստանը չպետք է դուրս մնա որեւէ գլոբալ ծրագրից, «բայց այդ գոլոբալիզացիայի մեջ անպայման պետք է շատ կարեւոր դեր կատարի Հայաստանի շահը»։ Արտաքին մարտահրավերներից ամենակարեւորը համարելով Եվրամիություն, թե Մաքսային միություն ընտրությունը, Ազատ Արշակյանը շեշտեց, որ եթե մենք միանում ենք որեւէ դաշինքի, դա պետք է մեզ ավելի ուժեղացնի, ամրանի մեր պետության կարողությունները եւ մեր քաղաքացիները կյանքը լավացնի։ Նա նաեւ պատմական էքսկուրս կատարեց՝ անդրադառնալով պատերազմին, ձեւավորված դաշինքներին, կնքված պայմանագրերին, Հայաստանի բաժանմանը։ Նախկին պատգամավորի փոխանցմամբ՝ ամեն ինչ արվել է, որ Հայաստանը կենսունակ չլինի, պետություն չդառնա։ «Ես համարում եմ, որ այդ պատերազմը ուխտադրուժ էր, որովհետեւ մենք դաշինք ունեինք Ռուսաստանի հետ բարեկամության, առանց պատերազմ հայտարարելու սկսվեց պատերազմը, դա դավաճանություն էր մեր դեմ որպես քաղաքական դաշինք»,- ասաց Ազատ Արշակյանը։
Նա նաեւ շեշտեց, որ չկա Ղարաբաղի հարց, կա հայկական հարց, որի մի մասնիկը Ղարաբաղի հարցն է, որի լուծման տարբերակը մեկն է, պետք է չեղյալ համարվի Ղարաբաղը Ադրբեջանին, Նախիջեւանը Թուրքիային հանձնելու կարգը, Հայաստանը մասնատելու պայմանագիրը։




























