ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին եւ Թուրքիայի ԱԳ նախարար ԱՀմեդ Դավութօղլուն, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաեւ ղարաբաղյան խնդրի կարգավորումը: Այս մասին ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է նոյեմբերի 18-ին, Դավութօղլիի հետ հանդիպումից հետո:
Մամուլի ասուլիսի ժամանակ Քերրին նշել է, որ ինքը զրույցներ է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ: «Ես վերջին 48, ավելի ճիշտ 72 ժամվա ընթացքում խոսել եմ նախագահ Ալիեւի եւ նախագահ Սարգսյանի հետ: Մոտ ժամանակներս նրանք կհանդիպեն: Մենք հանդես ենք գալիս գործընթացի առաջընթացի օգտին եւ կշարունակենք ներգրավված լինել այս հարցում»,-հայտարարել է Քերրին:
Իր հերթին, Թուրքիայի ԱԳ նախարարն ընդգծել է, որ իրենք տարբեր մեխանիզմների միջոցով խորհրդակցություններ են անցկացնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:
Դավութօղլուն հույս է հայտնել, որ սառեցված հակամարտությունը շուտով կլուծվի, ինչը խաղաղություն կբերի Կովկասին: «Այսօր ես ուրախ եմ, որ Ջոն Քերրին եւ ես, Թուրքիան եւ ԱՄՆ-ը այս խնդրին մոտենում են նույն հեռանկարի տեսանկյունից: Մենք հույս ունենք, որ Սարգսյանի եւ Ալիեւի հանդիպումը հաջող կլինի»,-հայտարարել է Դավութօղլուն:





























