Եթե տարբեր տեսակի սպառազինությունների տրամադրումը մեկնաբանում են լրագրողները, դա պարզապես անլուրջ է: Այս մասիան, այսօր՝ նոյեմբերի 19-ին, «ՀԱՊԿ-ն եւ անվտանգության ժամանակակից մարտահրավերները» միջազգային կոնֆերանսի շրջանակներում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը՝ պատասխանելով դիտարկմանը, որ Պուտինը Հայաստան այցելելիս իր հետ «Սմերչ» համալիրներ է բերելու:
Հարցին, թե կարելի է՞ ՌԴ նախագահի Հայաստան այցը դիտարկել Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու նախապատրաստության համատեքստում, Հովհաննիսյանը պատասխանել է, որ յուրաքանչյուր նման այցելություն որոշակի նպատակներ է հետապնդում եւ թելադրված է որոշակի անհրաժեշտությամբ:
«Չպետք է մոռանալ, որ օրերս ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի եւ ՌԴ պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի համատեղ նիստի ժամանակ, Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել է, որ հաջորդ տարվա փետրվարին Երեւանը, ավարտելով բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի նախապատրաստումը, պատրաստ կլինի Մաքսային միության անդամակցությանը»,-հիշեցրել է դաշնակցական գործիչը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























