Հայաստանի իշխանությունները իրենց հարստությունը պահելու համար փորձում են Հայաստանը տանել իր կենսունակությունը չապացուցած, ավտորիտար ռեժիմով կառավարող միության մեջ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը։
«Երբ մենք ունենք աշխարհի ամենամեծ շուկան, սա ուղղակի խայտառակություն է։ Ռուսաստանը Ղարաբաղը, ցավոք սրտի, մանրադրամ է սարքելու եւ նվիրելու է Ադրբեջանին, որպեսզի Ադրբեջանը ռուսական ազդեցության դաշտում լինի»,- ասաց նա։
Նա նշեց, որ Ռուսաստանը տնտեսական խնդիրներ ունի, իսկ Եվրամիության հետ ունենք զարգանալու շատ լավ հնարավորություն։ Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ Մաքսային միությունը վերպետական կազմավորում է լինելու, եւ «Ռուսաստանի դեսպանը շատ ավելի ազնիվ է, քան մեր իշխանավորները, որ ասում է, թե ձեր սուվերենության մի մասը տալու եք, իսկ Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը նման բան չի ենթադրում, մենք ենք որոշելու մեր տոկոսադրույքները, ոչ թե մեզ պարտադրելու են»։
Խոսելով ներքին մարտահրավերների մասին՝ Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ բնակչությունը նվազում է, իշխանությունը եւ բիզնեսը շարունակում են մնալ սերտաճած, կոռուպցիան մեծ ծավալների է հասնում։ Նա նկատեց, որ կենսաթոշակային համակարգի մասին իրենք տարիներ առաջ են բարձրաձայնել, բայց ցավոք մեր հասարակությունը, քաղաքական ուժերը դուրս չեն եկել պայքարի։ Արտաքին մարտահրավերներից նա առանձնացրեց Իրանի խնդիրը, որը Եվրոմիության եւ Ամերիկայի հետ փորձում է հարաբերություններ հաստատել, Սիրիայի խնդիրը։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























