Մեզ չեն ստիպում մտնել Մաքսային միություն, բայց մենք ինչ-որ տեղ ստիպված ենք մտնելու ՄՄ, որովհետեւ մենք ունենք անվտանգության խնդիր, առեւտրական հարաբերությունների խնդիր։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը։
«Եվրոպան շատ լայն է, բայց այսօր մենք ի վիճակի՞ ենք եւ պատրա՞ստ ենք Եվրոպայի հետ հավասարը հավասարին առեւտուր անել։ Ունենք փորձ Ռուսաստանի հետ առեւտրի, իսկ քաղաքականությունը խտացված տնտեսությունն է։ Եթե մենք մտնում ենք Մաքսային միություն, երբեք չի խոչընդոտում ընդունելու եվրոպական արժեքները, Եվրոպան խիստ չի նայում դրան, որովհետեւ իրենք էլ են հասկանում, որ մենք ինչ-որ տեղ մեր կարգավիճակով, մեր ունեցածով ստիպված ենք, եւ ոչ միայն մենք»,- ասաց պատգամավորը։
Նա նշեց, որ Մաքսային միության վերաբերյալ շատ բան ոչ ոք այսօր չի կարող իմանալ, քանի որ այն ձեւավորման սկզբնական փուլում է, հայտնի չէ դրա հետագան, բայց մենք պետք է շարժվենք առաջ, քննարկենք եւ վերցնենք այնքան, ինչքան մեր երկրի շահերն են։ Լեռնիկ Ալեքսանյանի կարծիքով՝ ՄՄ-ին անդամակցելու առաջին քայերը ճիշտ են, հեռանկարներ կան։
Նա նաեւ ընդունեց, որ պատմության ընթացքում եղել են ռուս-թուրքական դաշինքներ՝ միտված Հայաստանին, բայց չի կարծում, որ դա շարունակվում է։ «Այո, ռուս-թուրքական դաշինքներ են եղել եւ դա ի վնաս Հայաստանի է եղել, բայց նաեւ եղել են Հայաստանի սխալները, որոնցից պետք է հետեւություն անել, եղել են նաեւ ռուս-թուրքական հակասություններ, պետք է հաշվի առնենք եւ այդ դաշինքները, եւ սխալները, բայց այդ ամենը նոր իրականության մեջ»,- ասաց Լեռնիկ Ալեքսանյանը։





























