Այս կամ այն միությանն անդամակցելու հարցը համաշխարհային շուկան բաժանելու հարց է: Այս մասին նոյեմբերի 19-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը` անդրադառնալով Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի մտադրությանը:

Ըստ Սահակյանի` հետխորհրդային երկրներից ոչ մեկին դեռ չի հաջողվել իր արտադրանքն ակտիվորեն առաջ մղել եվրոպական շուկայում` որակի պատճառով: «Այդ պատճառով տվյալ պահին հետխորհրդային երկրների շուկան ԱՊՀ-ն է: Այս առիթով այն հայտարարությունները, թե ում է պետք ամենից շատ սիրել՝ ռուսներին, թե եվրոպացիներին, պարզապես անտեղի է: Հայկական արտաքին շուկայի 70 – 80%-ն ապահովում են ԱՊՀ երկրները»:

Միաժամանակ, Սահակյանը վստահեցրել է, որ Հայաստանը կշարունակի  Եվրոպայի հետ գործընկերային հարաբերությունները` ժողովրդավարության զարգացման ուղղությամբ: Նա նշել է, որ չպետք է «մարդկանց հավատացնել, թե Մաքսային միություն մտնելը մեր երկրի մանկության երազանքն է»: «Ո՞վ է ասում, թե ՄՄ-ի երկրները կթողնեն իրենց շահերը եւ կզբաղվեն մեզանով: Սակայն մեզ վստահեցնում են, որ Հայաստանի համար շահավետ է ՄՄ մուտք գործելը»:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am