Հեշտացված կարգով Վրաստանի քաղաքացիություն են ստացել 372 քաղաքացիներ, հայտնում է Պետծառայությունների զարգացման գործակալությունը: Համապատասխան հրամանագիրը նոյեմբերի 14-ին ստորագրել էր Միխայիլ Սահակաշվիլին:

Նոյեմբերի սկզբին իր լիազորությունները վայր դնելուց երկու շաբաթ առաջ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել էր, որ պատրաստ է Վրաստանի քաղաքացիություն տրամադրել  բոլոր ցանկացողներին: Թբիլիսիում նախագահի նստավայրի մոտ  անմիջապես մեծ հերթ էր գոյացել: Հայտերի ընդունումն ավարտվել էր նոյեմբերի 12-ին: 

Վրաստանի նախագահը բացառության կարգով իրավունք ունի հատուկ դեպքերում Վրաստանի քաղաքացիություն շնորհել այլ երկրների քաղաքացիներին` երկրին մատուցած ծառայությունների դիմաց, կամ էլ այն դեպքում, եթե Վրաստանի քաղաքացիության տրամադրումը բխում է պետական շահերից:

Պետծառայությունների գործակալության տվյալով՝ Վրաստանի քաղաքացիություն ստացածների մեծամասնությունը ռուսական քաղաքացիության իրավունք ունեն:  Վրաստանի քաղաքացիություն է տրամադրվել նաեւ Հունաստանի, ԱՄՆ-ի, Թուրքիայի, Ուկրաինայի, Հայաստանի եւ այլ երկրների քաղաքացիներին: Քաղաքացիություն ստացածների մեծամասնությունը ազգությամբ վրացիներ են, փոխանցում է «Նովոստի-Գռուզիան»: