ՀԱՊԿ լիարժեք զորքեր կամ հավաքական ուժեր ստեղծելու համար դրա կազմում պետք է ընդգրկել  մի շարք տարրեր, որոնք անհրաժեշտ են հավաքական անվտանգության համակարգի գործունեության համար: Այս մասին նոյեմբերի 19-ին «ՀԱՊԿ-ը եւ անվտանգության ժամանակակից մարտահրավերները» միջազգային կոնֆերանսում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ավագ օգնական Վլադիմիր Նիկիշինը` հանդես գալով  «Հավաքական անվտանգության ապահովման ռազմական բնագավառները» զեկույցով:

Նշված անհրաժեշտ տարրերի շարքում Նիկիշինն առանձնացրել է հավաքական ավիացիոն ուժերը, հատուկ գործողությունների հավաքական ուժերը, հավաքական ուժերի զորքերի կառավարման համակարգը  եւ ՀԱՊԿ զորքերի եւ հավաքական ուժերի համընդհանուր գործունեության ապահովման համակարգը: «Այդ բարդ խնդրի վրա այսօր աշխատում են կազմակերպության անդամ պետությունների պաշտպանության նախարարները, ՀԱՊԿ Միասնական շտաբը եւ Քարտուղարությունը:  Այս խնդիրն ավելի արդյունավետ լուծելու համար ՀԱՊԿ դեկտեմբերի նստաշրջանին ընդունվել էին ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմական զարգացման հիմնական ուղղությունները մինչեւ 2020թ.», - ընդգծել է Վլադիմիր Նիկիշինը: