Նեպալում ընթացող խորհրդարանական ընտրությունների ընթացքում նոյեմբերի 19-ին բախումներ են տեղի ունեցել: Ընտրատեղամասերից մեկի մոտ պայթյուն է որոտացել:  Դոլաքհա շրջանում հարձակում են գործել ընտրատեղամասերից մեկի վրա. 6 մարդ վիրավորվել է, այդ թվում՝ կոմունիստական կուսակցության տեղական առաջնորդ Շանթի Փաքհրինը:

Ռաութահաթեում երկու կուսակցությունների կողմնակիցներ փորձել են զավթել քվեատուփը, ոստիկաններն օդ են կրակել, քվեարկությունը դադարեցվել է:

Մայրաքաղաք Կատմանդուի ծայրամասում երեք մարդ, այդ թվում՝ երեխա, են  տուժել ընտրատեղամասերից մեկի մոտի պայթյունից, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Նեպալում տեղի են ունենում Սահմանադրական ժողովի ընտրություններ (մեկպալատ խորհրդարան): Ընտրություններին մասնակցում է 120 կուսակցություն` 601 պատգամավորական տեղի համար պայքարում է 16 հազար թեկնածու:  Ընտրությունների հիմնական մասնակիցներն են Նեպալի կոնգրեսը  (կենտրոնականներ), Նեպալի Կոմունիստական կուսակցությունը եւ Միացյալ կոմունիստական կուսակցությունը: Նոր խորհրդարանի հիմնական խնդիրը   պետք է լինի երկրի Սահմանադրություն ընդունումը:

2006թ. Նեպալում ավարտվել էր երկարամյա քաղաքացիական պատերազմը: Միապետական կառավարութան դեմ պատերազմող գրոհայինները համաձայնել էին վայր դնել զենքերը: 2008թ. մայիսին Սահմանադրական ժողովը վերացրել էր միապետությունը: 2012թ. մայիսին դաշինքը լուծարվել էր, մինչ այժմ Նեպալն ապրում է առանց խորհրդարանի` ժամանակավոր կառավարությամբ: