Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում բնակիչների հետ միասին մասնակցել է նորակառույց հերթական երկու բակերի եւ ֆուտբոլի փոքր խաղադաշտերի հանդիսավոր բացմանը:
Իսակովի 36/2 եւ 36/3 շենքերի բնակիչների հավաստմամբ՝ համալիր բարեկարգված բակը անխնամ է եղել խորհրդային տարիներից սկսած: Օգտվելով առիթից՝ նրանք իրենց գոհունակությունն են հայտնել Տարոն Մարգարյանին` ընդգծելով, որ երկար տարիներ են սպասել իրենց երեխաների համար խաղահրապարակ ու միաժամանակ հանգստի գոտի ունենալուն, եւ այսօր այդ երազանքն իրականություն է դարձել: Բարեկարգման ծրագրի շրջանակում ամբողջությամբ փոխվել են եզրաքարերը, սալապատվել ճեմուղիները, տեղադրվել են նստարաններ, զրուցարաններ, փոքրիկների համար կառուցվել են մանկական խաղահրապարակներ: Դեռեւս գարնանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան կատարած հերթական աշխատանքային շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել էր նաեւ այս բակային տարածք: Լսելով բնակիչների առաջարկները՝ քաղաքապետը հանձնարարել էր դրանք եւս ներառել բարեկարգման այս տարվա ծրագրում: Ըստ այդմ, հանգստի գոտու վերածված բակային տարածքն ամբողջությամբ ձեւավորվել ու կահավորվել է բնակիչների առաջարկների հիման վրա:
«Մայրաքաղաքի վարչական շրջաններում հիմնականում ավարտին են մոտենում բակերի համալիր բարեկարգման այս տարվա աշխատանքները: Ծրագիրը լինելու է շարունակական, եւ 2014թ.-ի ծրագրերով եւս մենք արդեն նախատեսել ենք բակերի բարեկարգման աշխատանքներ: Ինչպես խոստացել ենք մեր բնակիչներին, յուրաքանչյուր տարի շուրջ 400 բակ ենք բարեկարգելու եւ աշխատանքները շարունակելու ենք այնքան ժամանակ, մինչեւ երեւանյան բոլոր բակերը դառնան բարեկարգ ու հարմարավետ»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Օհանովի 34 եւ 36 շենքերի բակում եւս օրը տոնական ու սպասված էր: Այստեղ էլ հանդիսավորությամբ բնակիչների տնօրինմանն է հանձնվել գեղեցիկ զրուցարաններով, նստարաններով, մանուկների համար ֆուտբոլի փոքր խաղադաշտով կահավորված ու արտաքին լուսավորությամբ ապահովված հանգստի գոտին: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում բակերի բարեկարգման աշխատանքներն իրականացվել են ինչպես համայնքային միջոցների հաշվին, այնպես էլ մասնավոր ներդրողների մասնակցությամբ, ինչը եւս քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության լավագույն օրինակներից է. «Ողջունելի է, որ մայրաքաղաքի որոշ բակային տարածքներ բարեկարգվում են նաեւ մասնավոր ընկերությունների եւ անհատների աջակցությամբ: Մասնավորապես այս բակը Երեւանի ավագանու անդամ Արթուր Պետրոսյանի հետ համատեղ է բարեկարգվել: Քաղաքապետարանի եւ վարչական շրջանների աշխատակազմերը միշտ պատրաստ են աջակցելու Երեւանի բարեկարգմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին, ու կոչ կանեի բոլոր նրանց, ովքեր ցանկություն ունեն հանդես գալ նման նախաձեռնությամբ, առանց վարանելու դիմել մեզ ու իրենց մասնակցությունն ունենալ մեր սիրելի Երեւանի բարեկարգման գործում»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Անդրանիկի 64, 66 եւ 68 շենքերի բակում կառուցված մինի ֆուտբոլի եւ բասկետբոլի խաղադաշտն էլ արդեն իսկ ծառայում էր իր նպատակին: Քաղաքապետի այցելության պահին մարզասեր երեխաներն իրենց ուժերն էին չափում բասկետբոլ մարզաձեւում:




























