Անդեն մի քանի օր է, որ «Նաիրիտ» գործարանն արտադրանք չի տալիս եւ փաստորեն գործարանը կանգնած է: Այս առնչությամբ NEWS.am-ի թղթակիցը ցանկացավ պարզաբանումներ ստանալ «Նաիրիտ» գործարանի մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Անուշ Հարությունյանից, ով հաստատեց տեղեկատվությունը, ապա հավելեց. «Օրվա վերջում ամենայն հավանականությամբ հաղորդագրություն կտարածվի այդ մասին: Այս պահին տեղեկատվությունն ամբողջական չէ, եւ եթե ես ինչ որ բան ասեմ, հնարավոր է ինչ-որ բան սխալ ասեմ: Հիմա տեղեկատվությունը պատրաստվում է եւ ներկայացվում է հաստատման: Երբ հաստատվի, ես այն կուղարկեմ Ձեզ»:
Հատկանշական է, որ մի կողմից Ա. Հարությունյանը հաստատեց, որ գործարանն այս պահին արտադրանք չի տալիս, սակայն անհեթեթություն համարեց լուրերը, թե գործարանի աշխատակիցները պարապուրդի են մատնվել: «Այո, գործարանն այս պահին արտադրանք չի տալիս, բայց ոչ ոք պարապ նստած չէ: Նշվում է, որ 2500 հոգի մատնվել են պարապուրդի, որն անհեթեթություն է»,- ասաց նա՝ հավելելով, որ չի կարող նշել արտադրանք չտալու պատճառները:
Նշենք, որ մարտի կեսերին «Հայաստանի Էլեկտրացանցեր»-ին ունեցած պարտքի պատճառով հոսանքի անջատումներ են տեղի ունեցել գործարանում, ինչի կապակցությամբ մամուլի քարտուղարն ասել է, որ այդ պարտքը անջատման ժամանակ կազմել է 829 միլիոն դրամ: Այնինչ «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության լրատվական ծառայության ղեկավար Նատալյա Սարջանյանի ներկայացմամբ, մարտի 1-ի դրությամբ «Նաիրիտ»-ի պարտքը կազմել է 1 մլրդ դրամ:



























