Deep Purple-ի վոկալիստ Յան Գիլանը եւ լեգենդար ռոք-կիթառահար, heavy metal ուղղության «կնքահայր» Թոնի Այոմին որոշել են մի քանի նոր երգ ձայնագրել` Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի համար միջոցներ հավաքագրելու նպատակով: Այս մասին Թոնի Այոմին ասել է «Մեդիամաքս»-ին տված հարցազրույցում:
«Մի քանի շաբաթ առաջ ես ու Գիլանը հանդիպեցինք եւ ձայնագրեցինք մի քանի թրեքեր, որպեսզի միջոցներ հավաքագրենք Հայաստանի դպրոցի համար: Մենք Հայաստանի համար միջոցներ հավաքեցինք 20 տարի առաջ եւ ցանկանում ենք կրկնել այդ փորձը: Մի քանի ամիս առաջ այցելեցինք Հայաստան, եւ նախագահը մեզ հանձնեց Պատվո շքանշաններ: Մենք այնտեղ էինք Յանի հետ, մեզ հետ էր նաեւ Փեթ Քեշը: Մեզ ցույց տվեցին հին երաժշտական դպրոցը, որտեղ բավական ցուրտ էր, իսկ դպրոցի աշակերտները չունեին երաժշտական գործիքներ: Մենք նրանց նվիրեցինք մի քանի կիթառ եւ հարվածային գործիքներ, ինչպես նաեւ ցանկանում ենք երեխաների համար կառուցել նոր դպրոց:
Մենք պատրաստվում ենք միասին ձայնագրել մի քանի երգ եւ հուսով ենք, որ մեզ կհաջողվի բավականաչափ գումար հավաքել նոր դպրոցի կառուցման համար: Այժմ մեր ծրագրերը գտնվում են քննարկման փուլում: Մենք մտածում ենք մի քանի կենդանի կատարումների մասին, սակայն դեռեւս պետք է Յանի հետ պարզենք մեր ծրագրերը, քանի որ, հուսով եմ, շուտով կվերսկսեմ շրջագայությունը Heaven and Hell-ի հետ»,- ասել է Թ. Այոմին:
Հիշեցնենք, որ մարտի 26-ին եւ 27-ին Երեւանում կայացան Յան Գիլանի բարեգործական համերգները Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, որի ողջ հասույթը` 18 մլն 327 հազ. դրամ, ուղղվելու է Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի համար շենքի կառուցմանը:




























