Երկու շաբաթ առաջ կառավարությունը ԱԺ է ուղարկել խաղատնային գործունեությանը վերաբերող մի օրինագիծ, որով բոլոր խաղատները մինչեւ 2013 թվականը Երեւանից պետք է տեղափոխվեն Ջերմուկ, Ծաղկաձոր եւ Սեւան: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Բարեփոխում» հասարակական կազմակերպության ղեկավար Կարինե Հակոբյանը, հավելելով, որ դրանով ըստ էության փոխվելու է այդ երեք առողջարանային քաղաքների բնույթն ու պրոֆիլը, ինչը շատ վտանգավոր է:

«Սա կարելի է բնորշել որպես խաղատների անսահմանանափակ զարգացման օրինագիծ»,- նշեց նա, ընդգծելով, որ այս օրինագծով նախատեսվում է նաեւ, որ խաղատուն կարող է բացվել Հայաստանի ցանկացած վայրում, որտեղ կլինի մեծ ներդրում, այսինքն մեծ հյուրանոցներում, օդանավակայանում, Երեւանի ազատ գոտիներում եւ որեւէ սահմանափակում չկա:

«Ինչպե՞ս կարող է մեր օրերում, երբ ողջ աշխարհը գնում է առողջ ապրելակերպի եւ պետության կողմից նման ոլորտները վերահսկելու քաղաքականության, մեզ մոտ նման օրինանագիծ հղանալ»,- հռետորական հարց տվեց Կ. Հակոբյանը:

Նա նկատեց, որ այս օրինագծին զուգահեռ պատրաստվում է Ջերմուկ քաղաքի զարգացման հայցեակարգ, որը 180 աստիճանով հակասում է այս նախագծին:

Կ. Հակոբյանն առաջարկեց կառավարությանը ետ կանչել օրինագիծը, քանի որ այն երկիրը ներսից քայքայող վտանգ է: «Մենք հաղթել ենք պատերազմում, իսկ սա պարտություն է ներքին քաղաքականության մեջ»,- ընդգծեց նա, նշելով, որ պետությունը պետք է սահմանափակի ու վերահսկի այդ ոլորտը, իսկ այս օրինագիծը անսահմանափակ դաշտ է ստեղծում խաղատների համար: «Խաղատները այլ քաղաքներ տեղափոխելով ունքը շինելու փոխարեն, աչքն են հանում»,-հավելեց Կ. Հակոբյանը: