Եթե այսօր պատերազմ սկսվի Ադրբեջանի հետ, հայկական կողմն անպայման հաղթանակ կտանի, եւ այս անգամ այդ հաղթանակի պտուղներն ավելի զգալի կլինեն, Հայաստանը դեպի ծով ելք կունենա, իսկ Ադրբեջանը կկորցնի իր ինքնիշխանությունը: Լրագրողների հետ հանդիպմանը ապրիլի 1-ին նման կանխատեսում է արել պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի խորհրդարանական խմբակցության ղեկավար, ՀՅ Դաշնակցության անդամ Հրայր Կարապետյանը:
«Թող Ադրբեջանը հույսը չդնի իր նավթի վրա: Արդեն հայտնի է, որ նավթի համաշխարհային պաշարները վերջանալու են 42 տարի անց, իսկ ադրբեջանական նավթի պաշարները 20 տարի անց»,- հավաստիացրել է Կարապետյանը: Ընդ որում, նա քիչ հավանական է համարել ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը: Նա ընդգծել է, որ առ այսօր հայկական կողմը չի պարտվել բանակցային գործընթացում: «Իսկ հայկական կողմին միակողմանի զիջումներ պարտադրելու բոլոր փորձերը դատապարտված են ձախողման, ժողովուրդը երբեք չի համաձայնվի դրա հետ եւ կստացվի այն, ինչ եղավ 1996թ.՝ իշխանափոխություն»,- նկատել է Կարապետյանը: Նա գոհունակությամբ նշել է, որ տարեցտարի մեծանում է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ինտեգրման մակարդակը:
Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների եւ Հայոց ցեղասպանության մասին, Հրայր Կարապետյանը ցավով նկատել է, որ Հայաստանի իշխանությունները չեն ընդունում ՀՅԴ ներկայացրած օրինագիծը, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում Հայոց ցեղասպանության ժխտման համար: «Դա ուղղակի ամոթ է, որ մեր կառավարությունը չի ընդունում այդ փաստաթուղթը, հատկապես այն ֆոնին, երբ նման փաստաթղթեր ընդունվել են արտերկրում»,- ասել է Կարապետյանը եւ հույս հայտնել, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ապրիլի 24-ին կարտասանի «ցեղասպանություն» բառը:




























