ԱՄՆ-ի Կոնգրեսում մեծ աղմուկ է հասունանում. կոնգրեսմեններից մեկին բռնել են թմրանյութ գնելիս: Խոսքը հանրապետական կոնգրեսմեն Թրեյ Ռեյդելի մասին է, հայտնում է Associated Press-ը` վկայակոչելով Թմրանյութերի դեմ պայքարի վարչության աղբյուրը:
37-ամյա քաղաքական գործիչը բռնվել էր դեռեւս հոկտեմբերի 29-ին, թմրավաճառից կոկային գնելիս, որը ոստիկան էր եղել: Ռեյդելը չէր դիմադրել եւ շտապել էր խոստովանել. նա հայտարարել էր, որ «միանգամայն անպատասխանատու արարք է գործել» եւ պատրաստ է պատիժ կրել: Ընդ որում, նա չի հստակեցրել` արդյոք նկատի ուներ իր քաղաքական կարիերայի ավարտը, հաղորդում է ՆՏՎ-ն:
Նոյեմբերի 20-ին Կոլումբիա նահանգի գերագույն դատարանը պետք է քննի կոնգրեսմենի գործը: Եթե նրան մեղավոր ճանաչեն, Ռեյդելին սպառնում է մինչեւ վեց ամսվա ազատազրկում եւ 1000 դոլար տուգանք:
Թրեյ Ռեյդելը Կոնգրեսում ընտրվել էր 2012թ. եւ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի անդամ է: Հանրապետականը հայտնի է Սիրիային ռազմական հարված հասցնելու դեմ իր ելույթներով:





























